Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Shamshyan.com: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացավ, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասում էր. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ, շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը: Մենք հայտարարում ենք հացադուլ և եթե խնդիրը չլուծվի, պատրաստ ենք նաև ջրադուլի: Էլ չենք ասում, որոշ սանիտարներ սադրում են, որ մեզ ստիպողաբար ինչ-որ դեղեր ներարկեն: Այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և սպասում ենք նրա այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում