ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է

ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Երբ որ գնում էինք հանդիպման, ես անձամբ հրավիրված լինելով, երբևէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանակ պետական որևէ պաշտոնյանի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ուսանողները նշում են, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ դասախոսների, մտավորականների հետ հանդիպմանը «արհամարհական, հեգնախառը, քտսմնելի ձևով է խոսել»:

Դասախոսը նշեց, որ ոչ իր, ոչ էլ իր գործընկերների գոնե մեծամասնության բարեկրթությունը երբեք թույլ չէր տար, անգամ եթե մի քանի այդպիսի հանդիպում լիներ, դուրս գալ թույլատրելիի սահմաններից:

«Եթե անգամ ուսանողները նման բան են տեսել, ուրեմն մտածելու տեղի ունենք ոչ թե մենք, այլ նախարարը, նախարարությունը, կառավարությունը»,- նշեց Ա. Գալստյանը:

Նրա կարծիքով, նախարարի հետ երեկվա հանդիպումը կառուցողական չէր:

«Նախարարը վերջում ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ: Սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է: Ես հասկանում եմ կառուցողական քննարկումը, որ կհրավիրենք հանրային լսումներ նաև ձեզ հետաքրքրող, հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ եթե հայտարարում են՝ գնացեք, համոզեք ձեր գործընկերին, չեմ կարծում կառուցողական քննարկման դաշտից է»,- ասաց Ա. Գալստյանը:

Հարցին, թե արդյո՞ք դասադուլ անող ուսանողների բացակաները դրվում են, դասախոսը պատասխանեց. «Այն դասերը, որոնք օրենքով սահմանված են, բնականաբար, դասախոսը լրացնում է մատյանը: Եթե օրենքով սահմանված է լրացնել, կարծում եմ՝ պետք է լրացնենք: Բայց անցյալ տարվա ապրիլին որևէ մեկի մոտ նման հարցեր չէր առաջանում՝ դրվում էին կամ չէին դրվում բացակաները»:

Հիշեցնենք, որ երեկ դասախոսները, մտավորականները հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, մասնավորապես՝ բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու դրույթից:

ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ արդեն մի քանի օր դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ նստացույց ԿԳՄՍ նախարարության մետ: Նրանց պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում