Ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. ակադեմիկոսը՝ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին

Ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. ակադեմիկոսը՝ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Yerkir.am: Գուցե հռետորական հնչի, բայց ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. բանակը պետականության ողնաշարն է. ըստ Yerkir.am-ի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում են նաև ԵՊՀ դասախոսներ և ԳԱԱ ներկայացուցիչներ, ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Գուցե ասեք՝ տեղին չէ համեմատությունը, բայց խորապես համոզված եմ, որ տեղին է: Դպրոցն ավարտած շրջանավարտը, որն այսօր զինվոր է, բոբիկ է գիտելիքից, և այն, որ ավագ դպրոցը չի կայացել, փաստ է: Եվ եթե զինվորը, հրազդանցի լինելով, չի գիտակցում Մարտակերտը պաշտպանելու առաքելությունը, ուրեմն մենք ամեն ինչ տանուլ կտանք: Ինձ նույնիսկ քննադատում են, որ շաբաթ, կիրակի գործս թողնում գնում եմ՝ դասախոսություն կարդում զինվորների համար, այդ թվում՝ նաև խրամատներում, ինչի համար հպարտ եմ: Բաներ կան, որ պետք է պարտադիր լինեն»,– նշեց նա:

Աշոտ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ եթե հայոց լեզվի ու պատմության պարտադրանքը հանվեց, ապա այս առարկաները դուրս կգան բոլոր ֆակուլտետներից: «Մեր առարկան հայոց պատմության հիմնահարցերն են, այլ ոչ թե հայոց պատմության վերապատմում, այն, ինչ կար դպրոցներում: Մենք պետք է պատրաստենք հայրենասեր երիտասարդներ, որ բանակում ունենանք այն նույն վիճակը, որն ունեինք 1990-ականներին: Վստահ եմ, որ, երբ 1980-ականների վերջում մտցվեց «Հայոց պատմություն» առարկան, դա իր դերը խաղաց»,– ասաց պատմաբանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում