Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը

Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Ուսանողների միջազգային օրն էր։ Տոնական օրվա երեկոն Գյումրու ուսանողությունն անցկացրել է թեժ միջավայրում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ Ակումբային երաժշտություն, DJ-ներ, պարեր առանց պաթետիկ տեքստերի. այսպես բնութագրեց օրը նախաձեռնության հեղինակ Ռուբեն Մխիթարյանը:

Tert.am Life-ի հետ զրուցում նա ասաց, որ միրջոցառումը կազմակերպելու միտքն ինքնաբուխ է եղել։

«Ընկերներով սովորաբար մտածում ենք՝ ինչ անել մեր քաղաքի ռիթմը պահելու համար, որովհետև բոլորս էլ մեր քաղաքի երկրպագուներն ենք։ Ուսանողության օրը նման միջոցառում կազմակերպելու շատ լավ առիթ էր, հատկապես, որ այդ օրն ուսանողների համար որևէ միջոցառում տեղի չէր ունենալու քաղաքում։ Տարածքի փոքրության խնդիր կար, ուստի՝ դիմեցինք ուսխորհուրդների օգնությանը, որպեսզի գրանցենք մասնակիցներին։ Իհարկե, մուտքն անվճար էր բոլոր ցանկացողների համար, դա մեր նվերն էր ուսանողներին։ Շատ ուրախ ենք, որ երիտասարդները եկան, ուրախացան»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Միջոցառումը կայացել է High Class խորագրի ներքո, որը, ըստ նախաձեռնության հեղինակի, երկիմաստ է՝ «հայ կլաս», իսկ անգլերենից հայերեն թարգմանությամբ՝ «բարձր դաս»։ Երեկույթն ունեցել է նաև «դրես կոդ», որը ևս, ըստ կազմակերպչի, խորհրդանշական է եղել։

«Նշել էինք, որ բոլորը ներկայանան ազգային որևէ էլեմենտով, ուզում ենք ցույց տալ, որ ժամանակակից ամեն ինչին համընթաց կարող են լինել մեր ազգային խորհրդանիշները։ Որևէ բան մեզ չի խանգարում հայկական զինանշանով շապիկ հագնել ու գնալ ժամանակակից երաժշտության ներքո պարելու։ Մենք ցույց ենք տալիս, որ հետադիմական կամ առաջադիմական որևէ խնդիր չունենք՝ կարելի է համատեղել։ Որևէ բան մեզ չի խանգարում օգտագործել ազգայինը, միևնույն ժամանակ, լինել ժամանակակից»,- նշեց Ռուբեն Մխիթարյանը։

Երկույթի հատուկ հյուրը քառօրյաի մասնակից, հերոս, գյումրեցի Շուլի Հակոբյանն է եղել․ «Մեր հերոսը՝ երեք տանկ ոչնչացրած, «Մարտական խաչ»-ի ասպետ Շուլի Հակոբյանն է, որը մեր երկույթի հատուկ հյուրն էր։ Բոլորը նկարվում էին նրա հետ, ուրախ էին տեսնել նրան: Մեր պատկերացմամբ՝ մեր հերոսը պետք է այդպիսին լինի, որովհետև հիմա շատ հերոսներ են ասպարեզ բերում»։

Խոսելով ուսանողների արձագանքի մասին՝ Ռուբեն Մխիթարյանն ասաց․ «Սպասում էի, որ կտեսնեմ այն, ինչ երեկ տեսա, որովհետև Վարդավառից հետո արդեն ծանոթ էի մեր քաղաքում մեծացող և առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդներին, ովքեր ուրախանալու ձևն էլ գիտեն, տխրության պահին տխրելու ձևն էլ գիտեն, իրար օգնելու, աջակցելու ձևն էլ գիտեն։ Երբ ես ուսանողներից մի քանիսին խնդրեցի օգնել ինձ, մի քանիսը դարձան 30։ Իմանալով, թե ինչ է նախատեսվում՝ ամեն ինչով փորձեցին օգնել, աջակցել, բոլոր ուսանողների հետ էլ ուրախացան և վայելեցին իրենց օրը: Երկու DJ ենք ունեցել՝ Ալեն Հերցն էր և Իգիտ Թովմասյանը, որոնք փառահեղ երեկո անցկացրին, լավ ուրախացրին մեր երիտասարդությանը։ Օրվա կայացման համար շնորհակալ ենք Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, ով ամեն ինչով աջակցեց մեզ, շնորհակալ եմ Գյումրու տեխնոպարկի տնօրինությանն ու անձնակազմին սրտացավ, պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում