Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր

Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ըստ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի, դատարանների նկատմամբ անվստահության պատճառներից մեկը պակաս հրապարակայնությունն ու գործունեության ոչ թափանցիկությունն է: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած քննարկման ժամանակ:

Գյուլումյանի խոսքերով, երկրորդ պատճառը դատարանների նկատմամբ քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է. «Երբ իշխանությունները, կապ չունի այսօրվա, թե՝ նախկին, ինչ-որ մի տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել: Մինչդեռ առաջին հերթին հենց քաղաքական իշխանությունները դատարանների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն:

Ընդհանրապես, երբ խոսում ենք դատարանների անկախության մասին, պետք է չմոռանանք, որ իշխանության մյուս թևերի, մանավանդ բարձրագույն ատյանների ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու: Դա կարող է անել քաղհասարակությունը, առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը՝ որպես այդպիսին»:

ՍԴ դատավորի կարծիքով, եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարանը, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից. «Այստեղ կարող է լինել վստահության մեծ անկում»:

Արդյո՞ք ՍԴ-ն նպաստել է նման իրավիճակին, թե՝ ոչ, Գյուլումյանը պատասխանել է․ «ՍԴ-ն իր գործունեության ընթացքում կայացրել է շուրջ 1500 վճիռ: Դրանցից շատերն ուղղված են եղել հասարակությունում ժողովրդավարության զարգացմանն ու իրավունքի գերակայության ապահովմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ինձ համար ցավալի է, երբ դատարանի ոչ լեգիտիմ լինելու մասին նույնիսկ խոսում են մարդիկ, ովքեր այդ դատարանին մշտական դիմողների շարքերում են եղել: Եվ սա այն պարագայում, որ նրանցից շատերի դիմումներն, ըստ էության, բավարարվել են»:

Որպես օրինակ՝ Գյուլումյանը խոսեց «Ասպարեզ» ակումբի հայցի բավարարման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում