Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը

Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Tert.am-ը ստացել է հայտարարություն՝ Մոնրեալի Հայ ուսանողական միության կողմից: Հայտարարությունն ամբողջական՝ ստորև.

«Մոնրեալի Համալսարանի Հայ ուսանողական միությունը զորակցում է շարժմանը

Արդեն մի քանի օր է՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության և նոր վարդապետության հետևանքների վերաբերյալ: Նախարարությունը որոշել է , որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չեն լինելու։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետևաբար և պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:

Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին և մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը: Այս փոփոխությունները անհանգստացնում են ոչ միայն հայաստանյան համալսարանական դասի և ոլորտի մասնագետներին, այլև հայ սփյուռքի հայ ուսանողներին. Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է Պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։

Ուստի, պահանջում ենք՝

-Հաշվի առնելով հայապահպանության գործում հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի և հայ առաքելական կրոնի պաշտպանելու կարևորությունը,

-Հավատալով, որ հայ ուսանողների հայոց պատմության և լեզվի ընդհանուր կրթությունը հիմնարար և անվերապահ հիմք է համալսարանական բնակչության բարձրագույն կրթության համար, – Ակնկալելով, որ նախարարությունը կհամագործակցի բոլոր ներգրավված կողմերի հետ, ներառյալ ասոցատիվ և քաղաքական շրջանակները։

Մոնրեալի Հայ ուսանողական միությունը կոչ է անում նախարար Հարությունյանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները և չբաժանել Հայրենիքն ու Սփյուռքը,

– Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմության և հայ գրականության պարտադիր հանրակրթությունը ուսումնական հաստատություններում, նամանավանդ , այս ավելի ու ավելի համասեռված աշխարհում,

– Շեշտում է սփյուռքի դպրոցների և հայկական համայնքների վերաբերյալ այս նոր վարդապետության հնարավոր սոցիալ-քաղաքական հետևանքները,

– Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատված բարձրագույն կրթության տարբեր մոդելները, ներառյալ Կանադա-Քվեբեկի համակարգը,

– Նշում է, որ անհանգստացնող է նախարարի քաղաքական անկայունությունը մշակութային բնագավառում նախագծերի ֆինանսավորման առումով, որը սպառնում է հայկական ինքնությանը և մշակույթին։

Փոքր ժողովուրդների լեզուների պահպանությունը մեր ժամանակների դժվարին պրոբլեմներից է և այն նրա զավակների ձեռքում է։ Պահպանենք մեր միամորիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնությունն ու կրոնը։

Մենք, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների և քույրերի շարժման։ Մենք ձեր կողքին ենք»:

Նշենք նաև, որ ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «Պատվով հեռացիր» մակագրությամբ, ինչպես նաև ՀՅԴ աշխարհի մի քանի տասնյակ երկրների ուսանողական-երիտասարդական միությունների տարբերանշաններով լուսանկարը՝ «Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէկ ԴԱՇՆԱԿՑՈւԹԻՒՆ» գրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում