Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ

Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitik.am: Օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու եմ գործի վերջնական ավարտի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արսեն Բաբայանը՝ խոսելով իր հետագա քայլերի մասին և նշելով, որ վերջնական ավարտը քրեական գործի կարճումն է:

Բաբայանը հայտնեց, որ զբաղվելու է նաև իրավապաշտպան գործունեությամբ՝ նպատակ ունենալով թևութիկունք լինել այն մարդկանց, ում նկատմամբ կիրականացվեն ապօրինություններ:

Բաբայանը խոսեց նաև տեսակցությունների ու հեռախոսազրույցների արգելքի մասին՝ հիշեցնելով, որ իրեն արգելում էին տեսակցել նույնիսկ կնոջ ու անչափահաս երեխաների հետ. «ՀՔԾ պետը լրագրողներին ասել էր, որ դա թյուրիմացություն է, դրանից հետո մերձավորների հետ տեսակցությունների արգելքը վերացվեց:

Բայց ես ձեզ վստահեցնում եմ ՔԿՀ-ներում բոլոր այն անձանց, որոնց արգելում են տեսակցել մերձավորների հետ, արգելում են նաև տեսակցել անչափահաս երեխաների կամ թոռների հետ: Հետևաբար, եթե թյուրիմացություն կա, այն ամբողջ Հանրապետության մասով է, իսկ եթե թյուրիմացություն չէ, դա պատժիչ գործողությունների մասին է:

Ես իմ իրավապաշտպան գործունեության ընթացքում պայքարելու եմ բոլոր նրանց համար, ովքեր բախվում են նման խնդիրների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում