«Փաստ». «Քայլող» բացարձակ մեծամասնություն ունեցող ԱԺ-ն վերածվել է կառավարության պատանդի

«Փաստ». «Քայլող» բացարձակ մեծամասնություն ունեցող ԱԺ-ն վերածվել է կառավարության պատանդի

«Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ ինչքան կայացած ինստիտուտներ ունի պետությունը, այնքան հզոր են պետականության հիմքերը:

Իսկ այն երկրները, որտեղ պետական համակարգը անկայուն վիճակում է, պատճառ է դառնում անկայուն քաղաքական զարգացումների՝ ընդհուպ մինչև քաղաքական բևեռացում, տնտեսական վայրիվերումներ և այլն, որոնք խոչընդոտում են պետականության կայացման գործընթացին:

Հատկանշական է, որ մեզանում ազգային արժեհամակարգի արժեզրկմանն ուղղված պրոցեսին զուգահեռ տեղի է ունենում նաև պետական ինստիտուտների արժեզրկման գործընթաց, սակայն, չգիտես ինչու, այս թեման ընդհանուր համատեքստում այնքան էլ շատ չի շոշափվում:

2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, որը ենթադրում է կառավարման համակարգում Ազգային ժողովի դերակատարության բարձրացում, ժողովրդավարական ավանդույթների ամրապնդում, իշխանության ճյուղերի ապակենտրոնացում և փոխզսպում, սակայն անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ականատես ենք լինում մի իրողության, երբ տեղի է ունենում իշխանության կուտակում մեկ ինստիտուտի, իսկ հիմա արդեն՝ ընդհանրապես մեկ անձի շուրջը, իշխանության մյուս ճյուղերի դերակատարության նվազում և կառավարման համակարգի հավասարակշռության խախտում:

Խնդիրը նախ և առաջ դրսևորվում է բարձրագույն իշխանության ճյուղերի մակարդակում: Խորհրդարանը փաստացի չի կատարում իր այն կարևորագույն դերակատարությունը, որին կոչված է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում:

Բացի այն, որ խորհրդարանում հիմնականում հայտնվել են հանրությանը անհայտ մարդիկ, որոնք չունեն անհրաժեշտ փորձ և համապատասխան քաղաքական հետագիծ, խորհրդարանը չի դառնում այն հարթակը, որտեղ պետք է ընթանա քաղաքական բանավեճ, դիսկուրս, որի միջոցով էլ վեր կհանվեն հանրությանը մտահոգող խնդիրները և կգտնվեն օպտիմալ լուծումների տարբերակներ, որոնք իրենց արտացոլումը կստանան օրենսդրական նախաձեռնությունների տեսքով:

Խորհրդարանականների պրոֆեսիոնալությունը անգամ չի բավարարում ամենաառանցքային թեմաների շուրջ մասնագիտական կարծիքներ և վերլուծություններ ներկայացնելու համար:

Եվ ինչպես տեսնում ենք, այս օրերին ԱԺ-ում ընթանում են շատ ցածր մակարդակի քննարկումներ, իսկ հատկապես քաղաքական մեծամասնության պատգամավորների ելույթներն անբովանդակ են և ավարտվում են ընդդիմության հասցեին ուղղված մեղադրանքներով:

Ըստ երևույթին, ներկայիս խորհրդարանի խնդիրներից մեկն էլ այն է, որ այստեղ իրական ընդդիմությունը ներկայացված է միայն մեկ ուժի դեմքով:

Կարճ ասած՝ խորհրդարանը չի ներկայացնում հանրությանը, այլ էյֆորիայի ալիքի արդյունքում ձևավորված մարմին է, որի դերակատարությունը, ըստ էության, շատ ցածր մակարդակում է ներկայիս պայմաններում:

Բացի այդ, «քայլող» բացարձակ մեծամասնություն ունեցող ԱԺ-ն վերածվել է կառավարության պատանդի, և մենք չենք տեսնում, որ խորհրդարանը որևէ ձևով հակադրվի կառավարության ներկայացրած նախաձեռնություններին իր սուբյեկտայնությունը ցույց տալու համար:

Իսկ իշխանության մյուս կարևորագույն ճյուղը՝ դատական համակարգը, տևական ժամանակ է, ինչ հայտնվել է տոտալ ճնշումների մամլիչի տակ:

Դատական համակարգի անկախությունը ոչնչացնելու և այն վերահսկելի դարձնելու մոլուցքի մասին են վկայում դատարանների մուտքերի արգելափակումը, մի քանի անկախ դատավորների թիրախավորումը և Սահմանադրական դատարանը ցրելու իշխանության ջանքերը:

Իրենց չեն արդարացնում նաև կառավարության համակարգում ընդգրկված պետական հաստատությունները, որտեղ ղեկավարության և անձնակազմի միջև անջրպետ է առաջացել։

Շատ հաճախ գերատեսչությունների ղեկավարներ են նշանակվել այնպիսի անձինք, որոնք ոլորտի խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ պատկերացում չունեն:

Արդյունքում մենք ականատես ենք լինում անկանխատեսելի պաշտոնանկությունների, որոնց իրական պատճառները հանրության համար այդպես էլ մութ են մնում:

Սակայն ցավն այն է, որ հաճախ մարդիկ հեռանում են՝ պարզապես այլևս չցանկանալով կամ չկարողանալով աշխատել այսպիսի անկազմակերպ, թափթփված պայմաններում, երբ բոլորի գործունեության միակ չափանիշն ու չափորոշիչը մեկ անձի կամքն ու տրամադրությունն է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում