Արայիկ Հարությունյան – գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Արայիկ Հարությունյան – գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Facebook: Այսօր արդեն գրել էի այն մասին, որ ԵՊՀ պատմության և բանասիրության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմն իր աջակցությունն է հայտնել դասադուլ իրականացնող ուսանողներին և, ի նշան համերաշխության, մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարել։

Քիչ առաջ տեսա նաև տարբեր գիտական հաստատություններում հայագիտական ամբիոններ, ֆակուլտետներ և ինստիտուտներ ղեկավարող գործիչների ասուլիսը։ Բոլորը դժգոհ էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտեցումներից և տարբեր փաստարկներով հիմնավորում են, թե ինչու չի կարելի Հայոց լեզու/պատմություն և գրականություն առարկաները դուրս բերել բուհերի պարտադիր կրթական ծրագրերից։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայագետներն ու կառավարությունը հարցի առնչությամբ տրամագծորեն հակառակ կարծիքն ունեն։ Առաջինները պնդում են, որ լեզուն ազգապահպան գործիք է ու կարևոր ազգային կրթության համար, վարչապետն էլ ասում է, թե չեն ցանկանում «կենաց ասողների» սերունդ կրթել. երկրին ինժեներներ են պետք։

Մասնագետների ու պոպուլիստների այս՝ դեռևս հեռակա ընթացող բանավեճում ես մասնագետների կողմն եմ պահում։ Սա միանշանակ է։ Բայց երկու այս կողմերին, ամեն դեպքում, հաշտեցնել է պետք։ Ու այդ հաշտեցնող օղակը հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարարը պետք է լինի։ Հիմա հարց. միթե՞ պարզ չէ, որ Արայիկ Հարությունյանը չի կարող այդ գործառույթն իրականացնել։ Միթե՞ պարզ չէ, որ գիտության ու կառավարության փոխգործակցությունն ապահովելու համար ուրիշ՝ ավելի գիտակից, վաստակ ունեցող և երկու կողմերում հարգանք վայելող մարդ է պետք։ Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է։

Եվ ուրեմն, Արայիկ Հարությունյանը պետք է պաշտոնանկ արվի։ Նա պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով ավելի կոմպետենտ ու նաև, որ պակաս կարևոր չէ, դիմացիններին հարգել իմացող մարդու։ Եվ դա պետք է արվի հնարավորինս շուտ։ Որովհետև Արայիկ Հարությունյան – գիտակրթական հանրություն հակամարտությունն արդեն մտել է բաց փուլ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում