Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս

Այսօր ես պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը. ԵՊՀ դասախոս

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես 800 ժամից ավելի պարապում եմ և դրա դիմաց ստանում կոպեկներ, հիմա հարց եմ բարձրացնում. կրճատեք իմ ժամերը, տվեք ինձ կես դրույք, բայց՝ ոչ հայերենի հաշվին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը: «Բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի և ես զբաղվեմ լեզվագիտության զարգացմամբ, երկու տարում խոստանում ենք սեղանին դնել 10 դասագիրք` բոլորովին նոր մեթոդներով»,- ասաց նա և նշեց, որ աշխարհի ոչ մի համալսարանում չկա նման բան, որ իրենց մայրենի լեզուն չդասավանդվի:

«Այո, պարոն վարչապետ, լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտության առաջ տանող ուժը, ազգի սերուցքը և հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում»,- ասաց նա և նշեց, որ այս գործադուլի նպատակն է նաև ցույց տալ երկրի ղեկավարությանը, որ գիտնականները մնացել են լուսանցքում:

«Այսօր ես արդեն իմ անունից պահանջում եմ` բարձրացրեք մեր աշխատավարձը` միլիոն ու կես, լավ, մենք համեստ ենք, մեզ վճարեք մեկ միլիոն դրամ, իսկ մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճ ու կրակ ուսուցիչներին: Մեզ՝ գիտնականներիս մի սարքեք ծամոն հանրության բերանին, որ մենք անբան ենք, որ մենք լափում ենք պետության բյուջեն, որ կաշառակեր ենք, մի՛ պիտակավորեք»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում