Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս

Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ, ուսանողներն այն սկսել են առանց քաղաքականության. ԵՊՀ դասախոս

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Պետք չէ հայտարարել` «Դասախոս, միացիր», որովհետև դասախոսը երբեք էլ ձեզանից անջատ չի եղել: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների դասադուլի ընթացքում, վերջիններիս դիմելով, հայտարարեց նույն ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը:

«Մենք այսօր կանգնած ենք հազար ու մի խնդրի առաջ, և այդ խնդիրները բոլորը լուծել ենք, եկել ենք միանգամից տապալված կրթությունը ոտքի հանելու համար ազգային ինքնությունը հաստատող, պահպանող առարկաների դեմ պայքարելու՞: Էլի եմ ասում` անսխալական բան չկա. մե՞նք ենք սխալ, թող մեզ համոզեն: Համոզեն՝ ոչ թե հեռուստատեսությամբ հայտարարելով, երբեմն հեգնելով, երբեմն ծաղրելով»,- ասաց դասախոսը` նշելով՝ պատրաստվում են առաջարկներ ներկայացնել ԿԳՄՍ նախարարին:

Հարցին` դասախոսները կողմ կլինե՞ն, եթե նախագծում փոփոխություն լինի, բայց ԿԳՄՍ նախարարը հրաժարական չտա, Տեր-Մինասյանը պատասխանեց.

«Իսկ ո ՞վ ասաց, որ մենք նախարարի հրաժարականն ենք պահանջում: Ես նորից եմ ասում` ուսանողներն սկսել են շարժումն առանց քաղաքականության, և խնդրում եմ, մի՛ տարեք ուսանողներին դեպի քաղաքական դաշտ»:

Դիտարկմանը, որ ԵՊՀ ուսանողներին միացել են ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները, որոնք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Տեր-Մինասյանն արձագանքեց. «Դաշնակցական երիտասարդական թևը թող իր ակցիաները կազմակերպի, ինչպես ուզում է, երբ ուզում է, որ թեմայի շուրջ ուզում է: Չպետք է այս շարժումը նույնացնել որևէ կուսակցության շարժման հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում