Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկին՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը:

«Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա», – ասաց Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ հարցի քննարկման ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի ու ԲՀԿ-ական պատգամավորի միջև, Ծառուկյանն ասաց, որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել:

Հարցին` արդյոք կիսում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունը, որ Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար՝ չնայած, որ դրանից հետո Պետրոսյանը հայտնվեց իշխանական պատգամավորների թիրախում, Ծառուկյանն ասաց.

«Այո, հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք»:

Պնդմանը, որ դեռևս չեն եղել դեպքեր, երբ միասեռականները ՀՀ-ում երեխա որդեգրեն, Ծառուկյանն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրենքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում