«Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում

«Փաստ». Իշխանությունը հանրության դժգոհությունների աճող ձնագնդից կարող է խուսափել միայն մի դեպքում

«Վերջին շրջանում միտում է նկատվում, որ իշխանությունների վարած քաղաքական կուրսի տարբեր ուղղությունների հետ կապված՝ հասարակության շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ են բողոքների դրսևորումներ ի հայտ գալիս։

Այնպես չէ, որ ներկայիս իշխանությունների ընդունած որոշումների շուրջ դժգոհություն չի եղել նրանց պաշտոնավարման սկզբում, սակայն իրավիճակի յուրահատկությունն այն է, որ բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները գնալով խստանում են և արդեն իսկ վերաբերում են կառավարության որոշ ներկայացուցիչների հրաժարականի պահանջներին։

Մի քանի ամիս առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարճ ժամանակ անց «թավշյա» նախարարների հրաժարական կարող են պահանջել։

Բայց ահա, այս օրերին երիտասարդ դաշնակցականներն ու ԵՊՀ ուսանողները շարունակում են անժամկետ դասադուլն ու նստացույցը՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են նախարարի հրաժարականը։

Մի խումբ երիտասարդներ էլ բողոքի երթ էին կազմակերպել և պահանջում էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը։

Սակայն բողոքի ակցիաների աշխարհագրությունը սրանով չի սահմանափակվում։ Նորագավիթի ավտոմաքսատան մոտ ավտոներկրողներն, ի նշան բողոքի, ճանապարհ էին փակել՝ բողոքելով, որ չեն ուզում հասնել Գյումրի, որ չեն ուզում ներմուծված մեքենաների մաքսազերծումը Հյուսիսային ավտոմաքսատանը կատարեն։

Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ էին դասադուլ հայտարարել՝ պահանջելով չեղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ինչպես տեսնում ենք, հանրության տարբեր հատվածների դժգոհությունները վերաբերում են կոնկրետ խնդիրների, և նրանք պահանջում են այդ պրոբլեմները լուծել, իսկ եթե կառավարությունն ի վիճակի չէ իրենց պահանջներն իրականություն դարձնել, ապա նրանք արդեն ոլորտային պատասխանատուների, տվյալ դեպքում՝ նախարարների հրաժարականներն են պահանջում։

Հնարավոր է, որ առաջիկայում բողոքավորները նաև այլ նախարարների հրաժարականներ ևս պահանջեն, իսկ առայժմ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում։

Բայց չկա որևէ երաշխիք, որ քայլողներին իշխանության բերած հասարակությունը նույն հաջողությամբ շուտով չի պահանջի Փաշինյանի ու կառավարության հրաժարականը: Դրա համար ընդդիմությունից բան չի պահանջվում, իշխանություններն իրենք իրենց ձեռքերով խոր փոս են փորում:

Իսկ համբերության բաժակը կարող է լցվել ցանկացած պահի ու ցանկացած հարցի հետ կապված, օրինակ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կամ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը։

Պատահական չէ, որ կառավարությունը դեռ ամիսներ առաջ փորձեց հասկանալ հանրության ներսում տիրող տրամադրությունները հենց այս հարցերի կապակցությամբ, սակայն վարչապետ Փաշինյանը, հասկանալով, որ իրեն լուրջ դիմադրություն է սպասվում, և հավանական է, որ քաղաքացիների մոբիլիզացիա տեղի ունենա նշված թեմաների շրջանակներում, ստիպված եղավ դրանց լուծումը հետաձգել։

Սակայն Ամուլսարի հանքի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմաների հետաձգումը դեռևս չի նշանակում, թե դրանով հարցը լուծված է։ Ամիսներ հետո՝ ըստ երևույթին արդեն հաջորդ տարի, այս երկու խնդիրները կրկին առաջին պլան են բերվելու, և առաջինը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն է, որն ավելի սուր խնդիր է, քանի որ հասարակության գերակշիռ մասի համար անընդունելի են կոնվենցիայում տեղ գտած որոշ դրույթներ։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանում քննարկման դնել։

Եվ այստեղ հարցն այն է, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը՝ հանդիպելով բնակչության ճնշող մեծամասնության դիմադրությանը, նորից կհետաձգե՞ն հարցը՝ փորձելով էլի որոշակի ժամանակ շահել, թե՞ ամեն դեպքում կփորձեն հասնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, որն անպատճառ արդեն մեծածավալ բողոքների պատճառ կարող է դառնալ, իսկ կառավարության և վարչապետի հանրային վարկանիշին վերջնականապես անդառնալի հարված կարող է հասցվել։

Հանրության դժգոհությունների աճող ձնագնդից իշխանությունները կարող են խուսափել միայն մի դեպքում, եթե հետևողականորեն լսեն հանրության մտահոգությունները և այդ պրիզմայի ներքո փորձեն խնդիրներին լուծումներ տալ, այլապես ժամանակի ընթացքում իշխանությունների և հասարակության միջև առաջացած անջրպետն ավելի է խորանալու՝ դառնալով վիհ։ Իսկ նման վիհի հետևանքներն արդեն տեսել ենք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում