«Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ

«Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱԺ-ում Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։
Պատգամավորները գնացել էին ֆրակցիայի քարտուղարի սենյակ:

Լրագրողների հարցերին, թե ինչի հետ էր կապված դահլիճը լքելը, նրանք հակասական պատասխաններ են տալիս: Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում:

Իսկ, թե ինչու միանգամից «Իմ քայլի» պատգամավորները դուրս եկան, Արման Բոշյանը պատասխանեց, որ չի արձանագրել, որ բոլորն են դուրս եկել: «Դուրս եկան մի խումբ պատգամավորներ՝ հետևելու նիստի ընթացքին, ընթացքում կվերադառնանք: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց նա և վստահեցրեց, որ ո՛չ վեճ է եղել, ո՛չ կռիվ:

Պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ վստահեցրեց, որ որևէ միջադեպ չի եղել: «Խմբակցությունը հավաքվել է խմբակցության քարտուղարի մոտ, կարծում եմ՝ առաջին դեպքը չէ»,-ասաց նա:

Հարցին՝ ընդմիջման հարց չէի՞ն քննարկում, նա ասաց՝ ոչ: Դիտարկմանը՝ օրինակ, Արմեն Խաչատրյանն ասաց, որ ընդմիջման հարց են քննարկել, ինչպե՞ս է ստացվում, որ նույն սենյակից են դուրս գալիս պատգամավորները, բայց հակասական բաներ են ասում, նա ասաց, որ գուցե ընդմիջման հարց էլ է քննարկվել, ինքն ավելի ուշ է մոտեցել:

Ի վերջո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ընկերներով մի փորք բարձր են խոսել: «Ոչ մի բան տեղի չի ունեցել, հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան… մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք, պատմություն դարձավ, ոչ մի խնդիր չկա: Բարձր տոնով նիստերի դահլիճում էլ ենք խոսում, թեմա էլ չկա, աշխատանքային թեմա էր: Իմ՝ դահլիճից դուրս գալն իմ ընկերոջն ուրիշ բան էր թվացել, հետո պարզեցինք, որ դա դա չի, էդքան բան: Մի քիչ բարձր տոների մեջ երկու բառ խոսել ենք, վերջացել ա, ստեղ միջանցքում»,- նշեց նա:

Իսկ թե «բարձր տոներով» ովքեր են իրար հետ խոսել, Սիմիդյանն ասաց, որ խոսակցությունը եղել է իր և Վարդան Աթաբեկյանի միջև և որ իրենք վաղուցվա ընկերներ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում