Շիրակի պետական համալսարանի ուսանողները ևս դասադուլ են անում

Շիրակի պետական համալսարանի ուսանողները ևս դասադուլ են անում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.amՇիրակի պետական համալսարանի ուսանողները և դասախոսները ևս դասադուլ են հայտարարել։

«ԿԳՄՍ նախարարի ընդունած կուրսն է մեր բողոքի ակցիայի հիմնական պատճառը։ Բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման ոչ պարտադիր լինելը, դպրոցից՝ «Հայ եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների հանումը ռազմավարական լուրջ խնդիր են իրենցից ներկայացնում», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՇՊՀ գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ազգի նույնականացումը կատարվում է մշակույթով, ավանդույթով, ազգային լեզվով ու ազգային պատմությունով.

«Մենք մեկ դարի ընթացքում երեք ցեղասպանություն ենք տարել, առաջինը Թալեաթի և երիտթուրքերի կողմից է կազմակերպվել, երկրորդը կատարել է Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ վերացրել է ազգային արդյունաբերությունն ու ազգային կապիտալը, և այսօր երրորդ ցեղասպանությունն է իրականացվում, երբ ագի միջից հանվում է ազգային մշակույթը, ազգային լեզուն, ազգային պատմությունն ու ազգային եկեղեցու գաղափարախոսությունը»։

Դասադուլին մասնակցում են տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսերը ներկայացրել են իրենց մտահոգությունները։

«Մեր պայքարն ինչ-որ անձի դեմ չէ, մեր պայքարը երկրի, պետության, ազգի համար է։ Մենք այստեղ անձի խնդիր չենք տեսնում, երբ պահանջում ենք այս պաշտոնյայի հրաժարականը, այդ պաշտոնյայի հետ անձնավորված խնդիրներ չունենք, այլ նրա վարած քաղաքականության հետ խնդիր ունենք», – ասաց նա:

Ինչ վերաբերում հետագա գործողություններին, ամբիոնի վարիչն ասաց, թե ամեն ինչ կախված կլինի դեպքերի զարգացումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում