Հնարավոր է, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոսները ևս միանան ուսանողների դասադուլին

Հնարավոր է, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոսները ևս միանան ուսանողների դասադուլին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռեբեկա Մարգարյանը համոզված է՝ սխալ է, որ ԿԳՄՍ նախարությունը ներկայացրել է օրինագիծ, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

«Միանշանակ է, որ «պարտադիր» բաղադրիչը չպետք է հանվի, որովհետև հայոց լեզուն այն առարկան է, որ ուսանողները պետք է պարտադիր ուսումնասիրեն։ Առանց այն էլ տարվա մեջ ընդամենը 64 ժամ ենք դասավանդում, և եթե «պարտադիր» բաղադրիչն էլ հանեն, թողնեն կամավոր, ոչ մի ֆակուլտետ էլ չի ուզի, որ հայոց լեզու դասավանդվի։ Ընդ որում, ոչ թե հայոց լեզու ենք դասավանդում, այլ՝ հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկան, որը շատ կարևոր է», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռեբեկա Մարգարյանը։

Դասախոսի խոսքով՝ ԵՊՀ ռեկտորը խոստացել է, որ դասախոսների պահանջները կներկայացնի նախարարություն, նախագիծն էլ կներկայացվի դասախոսներին։

«Տեսնենք, եթե փոփոխություններ չեղան, ըստ այդմ կորոշենք, թե ինչ ենք անելու։ Դասախոսները դեռ աշխատում են, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու։ Հնարավոր է նաև, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոսները ևս միանան ուսանողների դասադուլներին։ Սպասում ենք նախագծին, տեսնենք՝ ինչ են արել, ֆակուլտետի դասախոսներով ռեկտորին խոստացել ենք սպասել, մինչև մեր կարծիքը գնա նախարարություն, պատասխանը տեսնենք, թե ինչ կլինի։ Անկեղծ ասած՝ լավ բան չեմ ակնկալում։ Եթե այդ «պարտադիր» բաղադրիչը հանեցին, շատ վատ է լինելու», – ասաց Ռեբեկա Մարգարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում