Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան

Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, FacebookԱնցած շաբաթ գործող Կառավարության “սուպեր-նախարար” Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական Ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս “անդաստիարակության” մեջ։ Փորձելով իր անձի շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել և հերթական անգամ կիրառել նախկիններին մեղադրելու արդեն ծեծված հռետորաբանությունը, նա հասավ միայն հակառակ արդյունքի, ուժեղացնելով հանրային դժգոհության ալիքը։ Բանը հասավ նրան, որ նրա գործողությունները ստիպված էր բացահայտ պաշտպանել վարչապետ Փաշինյանը, հընթացս մի շարք սեփական վիճելի մտքերով ավելի սրելով իրավիճակը։

Եթե փոքր ինչ վերացարկվենք կոնկրետ իրավիճակից, որը առիթ դարձավ ՀՅԴ Երիտասարդական թևի հանրային բողոքի համար, ապա պետք է փաստել, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը վաղուց արդեն առաջացնում է հայ հասարակության զգալի մասի տարակուսանքը, և ընդամենը թեթև կայծ էր պետք, որպեսզի այն վերածվեր բացահայտ հանրային բողոքի։ Նշեմ ընդամենը նրա “սխրագործություններից” մի քանիսը՝

ա) Նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Արայիկ Հարությունյանը կոպիտ և անապացույց մեղադրանքներով հանդես եկավ “Այբ” կրթական հիմնադրամի և նրա ղեկավարության հասցեին։ Այս Կառավարության համար արդեն սովորական դարձած ոճով, նա նաև անմիջապես հիմնադրամի ստացած միջոցների ծախսման աուդիտ նախաձեռնեց, սակայն այն միայն փաստեց հիմնադրամի գործունեության արդյունավետությունը և թափանցիկությունը։ Մինչև հիմա, Արայիկ Հարությունյանը ներողություն չի խնդրել հիմնադրամի ղեկավարությունից և բազմաթիվ աջակիցներից, ոչ էլ հանրայնացրել է այդ աուդիտի արդյունքները։

բ) Մինչև “սուպեր-նախարար” դառնալը, Արայիկ Հարությունյանը Երևանի Պետական Համալսարանի շարքային դասախոս էր (ենթադրաբար, գիտական ասպարեզում ավելին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամենը 6 գիտական հոդվածի հեղինակ է)։ Պատասխանատու պաշտոն ստանձնելուց հետո, նա նմանատիպ սկանդալային արշավանք սկսեց ԵՊՀ ղեկավարության դեմ, չխորշելով վիրավորանքներից և պիտակավորումից, և թունավորելով մթնոլորտը մայր ԲՈՒՀ-ում։ Այս ամենի արդյունքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ի վերջո հրաժարական տվեց, մինչև հիմա նրա փոխարեն նոր ռեկտոր չի ընտրված, լուրեր են պտտվում, որ Արայիկ Հարությանը այդ կարևոր պաշտոնը “պահում է” իր անձնական պրոտեժեի համար, թեև զուգահեռ չի դադարում խոսել “ԲՈւՀ-երի ապա-քաղաքականացման” անհրաժեշտության մասին։

գ) Արայիկ Հարությունյանի օրոք փաստացի լուծարվեց Կրթության ազգային ինստիտուտը՝ առանց հստակ հիմնավորման, թե ով և ինչպես է այսուհետև զբաղվելու կրթական ծրագրերի փորձաքննությամբ, կրթության մեջ մանկավարժական նոր մոտեցումների փորձարկմամբ, և ուսուցիչների վերապատրաստմամբ։ Ներկայումս բարձր որակավորմամբ երեք հարյուրից ավել աշխատակիցներ հայտնվել են փողոցում՝ առանց սեփական ճակատագրի մասին հետագա պատկերացման, իսկ նրանց գործառնությունները այլևս չեն իրականացվում։

դ) Կրթական գերազանցության ազգային ծրագիրը, որը մշակվել էր “Այբ” հիմնադրամի և ԿԳՆ համատեղ ջանքերով, և հնարավորություն էր տալիս Հայաստանի ավագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարվա ընթացքում մոտեցնել համաշխարհային լավագույն ստանդարտներին, կասեցվել է՝ ևս անորոշ հեռանկարով։ Նախարարությունը փոխարենը ոչ մի բան չի առաջարկել (և դժվար թե առաջարկի), զրկելով մեր երեխաներին որակյալ կրթություն ստանալու և աշխարհի լավագույն համալսարաններ ընդունվելու հրաշալի հնարավորություննից։

ե) ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և պատմության առարկաների պարտադիր դասավանդումը դադարեցնելը Արայիկ Հարությունյանի հերթական վիճելի նախաձեռնությունն է։ Թեև այն ունի որոշակի թեր և դեմ կողմեր, մասնագետների մեծամասնությունը հակվում են այն մտքին, որ Հայաստանի պայմաններում, երբ դպրոցական կրթության մակարդակը խիստ անհամասեռ է, այն վնասակար է, և կարող է բերել երիտասարդության լեզվական գիտելիքների հետագա վատթարացման։

զ) Ի լրումն կրթական ոլորտում կատարած վիճահարույց քայլերի, Արայիկ Հարությունյանը հասավ Մշակույթի նախարարության լուծարմանը, և փաստացի որպես կցորդ Կրթության և ԳԻտության նախարարության հետ նրա միավորմանը։ Այդ պահից սկսած, այս Սուպեր-նախարարությունը ֆինանսավորել է մի շարք էսթետիկ և արժեքային իմաստով կասկածելի (մեղմ ասած) մշակույթային ծրագրեր, որոնք և վերջին շրջանում հանրային դժգոհության առիթ են դարձել։ Դրան գումարվում է Արայիկ Հարությունյանի անձնական հայտարարությունները, որոնցում նա անթաքույց պաշտպանում է այդ նախաձեռնությունները, ի ցույց դնելով սեփական նախապատվություները։

է) “Սուպեր-նախարար” դառնալուց ի վեր, Արայիկ Հարությունյանի անձնական վարձատրությունը մեկ ու կես տարում պաշտոնապես աճել է մոտ 10 անգամ, նա ԵՊՀ շարքային դասախոսից թռիչքաձև դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար՝ շրջանցելով բազմաթիվ միջանկյալ մակարդակները։ Նույն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրությունները աճել են առավելագույնը 10 տոկոսով (այն էլ ոչ ամենուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առավել ցածր վարձատրվող մասնագիտական խմբերից մեկը, նրանց միջին աշխատավարձը հանրապետության միջին աշխատավարձից առնվազն երկու անգամ ցածր է, և էական փոփոխություն չի նախատեսվում նաև 2020 թ․ բյուջեով։

Մեկուկես տարվա պաշտոնավարման ընթացքում, Արայիկ Հարությունյանը հասցրել է իր գործունեությամբ այնքան հարցեր ծնել, որ շատերի համբերության բաժակը այսօր լցվել է, և նրա հրաժարականի պահանջը դարձել է ստեղծված իրավիճակին բնական արձագանք։ Հանուն արդարության սակայն, պետք է նշել, որ նա մենակ չի։ Պատասխանելով ՀՅԴ երիտասարդների հարցերին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կրթության և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացնում է ոչ թե Նախարարը, այլ Կառավարությունը, ուստի այն էլ պատասխանատվություն է կրում այդ քաղաքականության համար։

Այս անկեղծությունը գովելի է, ուստի կամ վարչապետ Փաշինյանը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերը նշած գործողությունների համար, և բացատրի հանրությանը, թե ինչու և ինչ նպատակով է այս ամենը արվում մեր երկրում, կամ էլ ընդունի, որ Արայիկ Հարությունյանը գործել է սեփական նախաձեռնությամբ, և ժամանակն է եկել հանրությանը ազատել նրա հետագա ծառայությունից։ Մինչ այդ, առաջարկում եմ ձեզնից յուրաքնչյուրին ստորև ավելացնել ձեր գնահատականները նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի գործունեության վերաբերյալ։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում