Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները

Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի և ամերիկացի դեսպան Դևիդ Սաթերֆիլդի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Քալընը հայտնել է, որ հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմում Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում։ Մեկուկես ժամ տևած հանդիպմանը կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, նախագահ Էրդողանի՝ նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու շուրջ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմարշավ սկսելու մասին՝ այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ։ Այն պետք է պաշտպանիչ գոտի դառնա թուրքական սահմանի համար։ Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի պայմանավորվածությամբ 120-ժամյա հրադադար է սահմանվել Սիրիայի հյուսիսում։

Հոկտեմբերի 22-ին հրադադարը երկարաձգվել է ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում։ Ռուս-թուրքական ուժերը պայմանավորվել են համատեղ հերթապահություն իրականացնել Սիրիայի հետ թուրքական սահմանի 30 կմ երկարությամբ ձգվող տարածքում՝ մինչև Կամիշլի քաղաքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում