Ինձ համար Ստամբուլյան կոնվենցիա գոյություն չունի. Դադիվանքի վանահայր

Ինձ համար Ստամբուլյան կոնվենցիա գոյություն չունի. Դադիվանքի վանահայր

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Դադիվանքի վանահայր և Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի՝ Քարվաճառի շրջանի հոգևոր Հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հարցրինք,թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանում վերջին շրջանում բուռն քննարկվող թեմաներից մեկի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների՝ համալսարանններում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանելու և «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրությունների վերաբերյալ.

« Եթե մենք մի պահ կանգ առնենք և նայենք մեր հարևաններին , կտեսնենք, որ իրենք անընդհատ իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց պատմիչներին երկինք են հանում, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք ուզում ենք մեր լեզուն հանել, մեր պատմությունը, մեր հայ եկեղեցու պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը հանել, ի՞նչ պիտի դրա տեղը դնենք։ Մեր երեխաներին մանկուց պետք է դաստիարակենք հայ առաքելական եկեղեցու բոլոր կանոնները, ավանդույթնները, սովորույթները։ ես վստահ եմ, որ սա չարի գործն է , որ ուզում է մեր այս փոքր ժողովրդին շաղախել մի այլ ժողովրդի հետ, որպեսզի վերանա հայ ազգը»,- ասաց Տեր Հովհաննեսը։

Հարցրինք, թե հակասություն կա՞ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման և խղճի և դավանանքի ազատության սկզբունքի միջև.

«Մենք եվրոմիության անդամ լինելու համար դեռ չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք ամեն ինչով պատրաստ լինել դրան, իսկ ինչ վերաբերում է լեզվին, ապա մենք մեր լեզուն, մշակույթը դարեր ի վեր պահել, պահպանել ենք, և այժմ առաջին լեզուն անգլերենն է, թե ռուսերենն է , դա թողնում ենք մի կողմ։ Մեզ համար առաջին լեզուն հայ լեզուն է, մեսրոպատառ լեզուն է, և մենք իրավունք չունենք դա ոտնակոխ անելու»։

Վանահորից կարծիք հարցրինք նաև Հայաստանում աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, պատասխանեց.

« Ես ընդհանրապես այդ մասին չեմ խոսում, որովհետև դա ինձ համար գոյություն չունի, դրա համար ես այդ մասին չեմ խոսում։ Միանշանակ դեմ ենք, բայց չեմ էլ ուզում դրա մասին խոսել։ Դա ի՞նչ է, որ մենք այսօր բոլորով շրջվել ու դրա մասին ենք խոսում, այստեղ քննարկելու բան չկա։ Եթե մենք հայ քրիստոնյա ենք, Հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք , դա պիտի մեր օրակարգից դուրս լինի։ Ավելորդ խոսակցություններ են»։

Տեր Հովհաննեսսին նաև խնդրեցինք արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք «ասում են՝ սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը»:

«Մի մեծահարուստ մարդ այգի մշակեց, պարարտ հողի վրա սերմեր ցանեց։ Երբ սերմերը մեծացան, հասքը հասունացավ, տեսան, որ մոլախոտ է մեջը , բայց իրենք բարի սերմ էին ցանել։ Ցանողները մեծահարուստին ասում են՝ տե՛ր, դու սերմ ցանեցիր, բայց մոլախոտ է աճել, խնդրում ենք, թույլ տվեք, գնանք այդ մոլախոտը պոկենք ու նետենք։ Տերը պատասխանում է՝ ոչ, սպասեք մինչև հունձը։ Հունձի ժամանակը կգա, բարի սերմերը կհավաքենք շտեմարանում, իսկ մոլախոտը կհավաքենք ու կայրենք։ Դա չարի գործն է, չարը իր գործը անում է ։ Իսկ մենք երբ չենք աղոթում առ Աստված , հեռանում ենք աստծուց, չարը մտնում է մեր մեջ և սկսում է իր գործն անել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում