«Չի կարելի այդքան արհամարհված թողնել, թե ինչ է կատարվում երկրում». Ստորագրահավաք` ի աջակցություն Քոչարյանի Կապանում

«Չի կարելի այդքան արհամարհված թողնել, թե ինչ է կատարվում երկրում». Ստորագրահավաք` ի աջակցություն Քոչարյանի Կապանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, News.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր` նոյեմբերի 9-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում ստորագրահավաք են անցկացնում` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի:

«Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին հասկանալ, գիտակցել, թե ինչ է կատարվում երկրում: Չի կարելի այդքան արհամարհված թողնել, թե ինչ է կատարվում երկրում եւ մարդիկ պետք է հասկանան եւ ոտքի կանգնեն, տեր լինեն իրենց երկրին, իրենց ճակատագրերին, իրենց արժեհամակարգին: Ես կոչ եմ անում այն բոլոր տղաներին, ովքեր անցել են խրամատով, ովքեր ծառայել են բանակում, ովքեր անցել են բանակով, կոչ եմ անում այդ բոլոր տղաներին ոտքի կանգնել, հասկանալ` ինչ է կատարվում եւ միանալ այս շարժմանը, որպեսզի կարողանանք ազգին փրկել այս իրավիճակից: Այսօր Ռոբերտ Քոչարյանը քաղբանտրակյալ է, եւ դա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի արդյունքում է ձեւավորվել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Շարժման կարգախոսն է՝ «միացում»։ Շարժման մասնակիցները շեշտում են, որ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, ուստի իրենք շրջում են մարզերով և կոչ անում միանալ իրենց այդ խնդիրների լուծման համար։

Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ եւ Սեւան քաղաքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում