«Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին. նման ձեռքեր դեռ շատ կտեսնենք». Տեր Մարկոս քահանա

«Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին. նման ձեռքեր դեռ շատ կտեսնենք». Տեր Մարկոս քահանա

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 168.am: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան արհեստականորեն ներմուծված առարկա է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկաների ցանկից հանելու վերաբերյալ, իմքայլական պատգամավոր պատասխանել է. «Պատճառաբանությունը ո՞րն է։ Եկեղեցու պատմությունը կապվում է հայրենասիրության հետ։ Ես եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում՝ ի տարբերություն Ձեզ։ Եվ ստացվում է, որ ես Ձեզանից ավելի հայրենասե՞ր եմ։ Ես իրականում չեմ կարող նման պնդում անել որևէ քաղաքացու հանդեպ, որովհետև ես վստահ եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շատ են սիրում իրենց հայրենիքը, և պետք չէ ինչ-որ ուղիներ փնտրել՝ սովորեցնելու, թե ինչպես սիրել հայրենիքը։ Իրենցից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես սիրել հայրենիքը, և դա արհեստական ու սովորեցնովի չէ։ Ինչ վերաբերվում է եկեղեցու պատմությանը, ես կարծում եմ, որ դա արհեստականորեն ներմուծված առարկա է»,– ասել է պատգամավորը:

Տեր Մարկոս քահանայի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի այս դիտարկումները իրականության հետ որևէ կապ չունեն։

«Ի՞նչ է՝ ստացվում է՝ արհեսատական այսպես 15 տարի ընդունեցին առարկան, սովորեցին։ Ինչ է՝ մեր երկիրն արհեստակա՞ն է իր ուսումնական պլանում փոփոխություն կատարել։ Պատգամավորի ասածն իրականության հետ որևէ կապ չունի։ Գիտե՛ք, դա միտում է, որը նկատվում է շատ երիտասարդ պատգամավորների մոտ, որոնք կարծում են, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել և իրենք են այս երկրի կրթական համակարգի բարեփոխիչները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մարկոսը։

Քահանայի խոսքով՝ չի՛ կարելի այսքան ինքնավստահ լինել և դա անել նախկինում եղած ամեն բան ջնջելու հաշվին։

Անդրադառնալով պատգամավորի այն հիմնավորմանը, թե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կապվում է ընդամենը հայրենասիրության հետ, Տեր Մարկոսը նշեց, որ այդ հիմնավորումը ևս կիսատ է.

«Այդ առարկան միայն հայրենիքը սիրելու մասին չէ. այն խորությամբ հայ եկեղեցու պատմությանը ծանոթանալու մասին է»։

Տեր Մարկոսը եկեղեցու պատմության վերաբերյալ Թագուհի Ղազարյանի ձևակերպումներն համարում է օգնություն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։

«Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին, իսկ նման օգնության ձեռքեր դեռ շատ կտեսնենք, որոնք աշխարհը ցնցող հայտարարություններ կանեն։ Ես էլ կարծում եմ, որ այս պատգամավորի մտածողությունն է արհեստական»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում