«Փաստ». Վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը՝ ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն

«Փաստ». Վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը՝ ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն

«Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն այն կարևորագույն խնդիրներից է, որը ծառացած է Փաշինյանի գլխավորած կառավարության առաջ։

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր վարչապետի պաշտոնը, մեծ խոստումներ էր տալիս աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման և տնտեսության թռիչքային զարգացման մասին։

Նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առանձին բաժին էր նվիրված սոցիալական պաշտպանության կայուն համակարգ ստեղծելու հարցին, որում նշված էր, թե մինչև 2023 թվականը վերացնելու են ծայրահեղ աղքատությունը, աղքատությունը նվազեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով։

Սակայն ժամանակն անցավ, իսկ երկրում տեսանելի տնտեսական զարգացում և աղքատության մակարդակի կրճատում տեղի չունեցավ։

Ավելին՝ չեն երևում այն քայլերը, որոնք գոնե տեսանելի ապագայում կարող են դրական փոփոխություններ նախանշել այս ուղղությամբ:

Եվ այս առումով կառավարության գործունեության բացերը քողարկելու համար վարչապետը սլաքներն ուղղեց քաղաքացիների ուղղությամբ, թե աղքատությունը նրանց գլխում է, և նրանք ցանկություն չունեն իրենց գլուխներում այդ աղքատությունը հաղթահարել։

«Չի կարող որևէ մարդ, որն այստեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, նա իրական աղքատությունը չի հաղթահարի, թեկուզ ամեն օր 1000 դոլար տուր:

Եթե ինքը գլխում աղքատությունը չի հաղթահարել, աղքատությունը չի հաղթահարի», 2019 թ. փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարում էր նա՝ ընդգծելով, որ տնտեսական հեղափոխությունը պետք է անեն աղքատությունը հաղթահարած քաղաքացիները։

Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ իր ասածները մեկնաբանվում են որպես կառավարության պատասխանատվությունը բնակչության վրա գցելու փորձ, վարչապետը փորձում է սրբագրումներ կատարել իր խոսքում՝ կառավարության նիստում հայտարարելով, որ աշխատանքն է միայն աղքատությունը հաղթահարելու միջոցը:

Բայց վարչապետը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է քաղաքացիները աշխատանք գտնեն, երբ աշխատատեղեր չեն ստեղծվում։ Կառավարությունը մեկուկես տարի ժամանակ ուներ ներդրումներ ներգրավելու և աշխատատեղերի բացումը խրախուսելու համար, սակայն այդ գործի միայն չնչին մասն է արվել։

Եվ դա է պատճառը, որ մարդիկ չկարողանալով համապատասխան աշխատանք գտնել Հայաստանում, ստիպված են լինում արտագաղթել։

Իսկ իշխանությունները, որ խոստացել էին մեծ ներգաղթ ապահովել դեպի երկիր, ոչ միայն արտագաղթի ցուցանիշները չեն հրապարակում, այլ փորձում են մանիպուլյատիվ տվյալներ ներկայացնել, թե իբր գործազրկությունը երկրում նվազել է։

Բայց մարդիկ հարց են տալիս՝ եթե աշխատատեղեր չեն ստեղծվել, ապա ինչի՞ հաշվին է գործազրկությունը կրճատվել, մարդիկ նաև հասկանում են, որ արտագաղթողների հիմնական մասը եղել են գործազուրկները։

Թեպետ, իհարկե, քիչ չեն նրանք, որոնք, ունենալով աշխատանք ու բավարար եկամուտներ, արտագաղթում են հուսահատության և մեծ հիասթափության պատճառով: Այս համատեքստում ուշագրավ է, որ ընդամենը վերջին 3 ամիսների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսները նվազել են շուրջ 51500-ով, այդ թվում` շուրջ 46400–ը գործազուրկներ են, և այդ նվազումը հիմնականում արտագաղթի արդյունք է։

Ստացվում է, որ Փաշինյանին չի հաջողվում լուծել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման խնդիրը, նվազեցնել աղքատությունը, այլապես արտագաղթը շարունակություն չէր ունենա կամ գոնե նման մեծ ծավալներ չէր ստանա։

Իսկ երբ վարչապետի՝ ժողովրդին տված խոստումներն իրականություն չեն դառնում, բնականաբար իշխանության վարկանիշը պետք է նվազի, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում հեղափոխության բերած դրական փոփոխությունների շունչը, իրավիճակը մնում է այնպիսին, ինչպես կար նախկինում։

Եվ եթե իրավիճակը փոխելու ուղղությամբ քայլեր չարվեն, ապա հանրային դժգոհության ծավալումը մոտակա շրջանում անխուսափելի կլինի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում