Քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն

Քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դասավանդվող դարձնելու նախագիծը վիճահարույց է, այդտեղ անգամ դեբատ չկա, որովհետև Հայոց լեզվին, Հայոց պատմության, կրթությանը, հատկապես` ազգային կրթությանը մատների արանքով նայել ուղղակիորեն չի կարելի:

Այս մասին ՀՅԴ երիտասարդական միության և ԵՊՀ ուսանողների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույցի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիր Միհրան Հակոբյանը` նշելով, որ մատների արանքով նայելու հետևանքն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է` հայերս կովկասցիներ ենք:

«Շատ ողջունելի է, որ Հայաստանում կան երիտասարդներ, խմբեր, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացոնւմ և իրենց գործողություններով պարտադրում են պետական իշխանությանը` վերանայել իր շատ կասկածելի մոտեցումները, որովհետև գլոբալացվող դարում, 21-րդ դարում, երբ ազգային կրթության հետ կապված ռեֆորմի անվան տակ նման քայլեր են կատարվում, դրանց հետևանքը կարող է լինել խիստ կործանարար»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` իշխանությունները փորձում են որոշ փոփոխություններով ցույց տալ, թե առաջադեմ են: «Ով է ասել, որ ազգայինն առաջադեմ չէ: Եթե մենք մեր ինքնությունը չենք ուզում պահել, որի հիմքը Հայոց լեզուն է, Հայ առաքելական եկեղեցին է, մենք ի՞նչ ենք ուզում դառնալ: Այդ հիմքը որ հանենք, ի ՞նչ տարբերություն մեր ու վրացիների միջև, մեր ու սերբերի միջև: Եթե մեր ժողովուրդը 5000 տարի իր գոյությամբ եկել, հասել է մեր օրեր` իր ինքնությունը պահելով, ուրեմն դրանում մի աստվածային բան կա, և դա պետք է պահել, զարգացնել, ուժեղացնել, ոչ թե՝ քանդել»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` երեկ արված հայտարարությանը, թե ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է դրսևորում, և ինքը պատրաստվում է տասնյակ, եթե ոչ ավելի քրեական գործերով լցված արկղեր ուղարկել ՀՅԴ-ին, Միհրան Հակոբյանն ասաց.

«Կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ ձերբազատվել այդ գռեհիկ գործելաոճից, անդաստիարակության մասին խոսում է մի մարդ, որն ինքն է տեսախցիկների առաջ անդաստիարակ արտահայտություններ անում: Ցավոք, Հայաստանի իշխանությունների մոտ արդեն գործելաոճ է դարձել` մարդկանց վրա, որոնք իրենց հետ համաձայն չեն, հարուցում են քրեական գործեր: Քրեական գործերի մասին. ես ուզում եմ հասկանալ` Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարա՞րն է, թե՞ «միլիցա», ոչ թե ոստիկան, այլ՝ «միլիցա»: Տարիուկես է` նախարար է, նոր է հիշել քրեական գործերի մասին, սպառնում է: Սպառնում է, որ եթե հանկարծ ինչ-որ մեկն իր մասին խոսի, կբռնվի, կդատվի»: Հակոբյանը նշեց, թե քրեական արդարադատությունը իշխանությունների ձեռքում վերածվել է մի դագանակի, որով լռեցնում են նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն:

Ըստ նախկին պատգամավորի` ԿԳՄՍՆ-ն այժմ սպառնում է ՀՅԴ նախկին պատգամավորներին, և երեկ դրա ականատեսը եղանք: «ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հրավիրվել էր Քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով, հետո կգտնեն մեկին, որը ցուցմունք կտա Մինասյանի դեմ, հետո նրան կկալանավորեն ու այս երիտասարդներին կասեն` գիտեք ինչ, հավաքեք այս վրաններն ու կորեք այստեղից, որպեսզի ձեր ավագ ընկերն ազատության մեջ հայտնվի»,-ասաց Միհրան Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում