Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․

Իսկ հիմա փորձենք պարզել, թե ինչ է կատարվում։

Ասում են հո ցենզուրա չե՞նք մտցնելու, կամ՝ չպիտի վերահսկել արվեստը․․․

Ասում են՝ չպետք է հայրենասիրությունը դպրոցում սովորեցնել, այլ պետք է քաղաքացի դաստիարակել և այլն։

Եկեք մի քանի պարզ ճշմարտություն ընդունենք, որպեսզի քննարկումներն էլ ճիշտ հուն մտնեն․․․

Սովետը ցենզուրա էր մտցրել (բառը լատիներեն՝ censure, գալիս է դեռ Հին Հռոմից), և փորձում էր, արգելելով իրեն անցանկալին, վերահսկել արվեստը, մշակույթը և մտքերը, ըստ էության՝ հանրային արժեհամակարգը և կառավարման համակարգը։

Կապիտալիստական աշխարհը դեմ է արտահայտվում ցենզուրային, հանում է արգելքները, բայց վերահսկում է ֆինանսավորմամբ։ Այո՛, ֆինանսավորելով իրեն ցանկալի գաղափարները, աջակցելով և խրախուսելով՝ վերահսկում է իրեն ցանկալի արժեքների տարածումը, խրախուսումը և հանրային մտածողությունը՝ այդպիսով իրականացնելով իր կառավարումը։

Ըստ էության, երկու դեպքում էլ կա հստակ վերահսկողություն, առաջինը՝ կոշտ ուժի սկզբունքով, երկրորդը՝ փափուկ։ Երկուսի արածը տարբերվում են միայն տակտիկապես, բայց նպատակով նույնն են՝ հանրության վերահսկում՝ արժեքների և գաղափարների միջոցով։

Հիմա անցնենք հաջորդ կետին։

Ասում են, թե մենք պետք է քաղաքացի պատրաստենք։ Մարդիկ գնում են ԲՈՒՀ, որ մասնագետ դառնան և այլն։

Շատ լավ։

Ասում եք կարևորը՝ ուժեղ պետություն և տնտեսություն կառուցելն է։

Համաձայն եմ, դա կարևոր է, բայց արդյո՞ք դա նպատակն է, այլ ոչ՝ միջոցը․․․

Սովետից ավելի՞ հզոր տնտեսություն պիտի կառուցեք, թե՞ ավելի հզոր պետություն՝ ռազմական և արտադրական պոտենցիալով։

Եթե նպատակը շուկան էր և տնտեսությունը, ինչի՞ քանդվեց Սովետը, և ինչի՞ դուրս եկանք Սովետից։

Այդ նույն տրամաբանությամբ, ի՞նչ կարիք կա ընդհանրապես՝ կոչվելու Հայաստանի Հանրապետություն, կարելի է ուղղակի կցվել և մաս դառնալ ինչ-որ մի մեծ ու զարգացած այլ պետության՝ դրա կազմում լայն ինքնավարության սկզբունքով, և վերջ։ “Կունենանք” հա՛մ ուժեղ տնտեսույթուն, հա՛մ հզոր պետություն։ Ի դեպ, այսպիսի գաղափարներ շատերն արդեն վաղուց տարածում են․ մի մասն առաջարկում են միանալ Ռուսաստանին, մի մասը՝ Եվրոպային, ոմանք՝ Իրանին, նույնիսկ Թուրքիային միանալու առաջարկներ են եղել․․․

Տեսականորեն բոլորն էլ կարող են գոյություն ունենալ, գոնե նրա համար, որ տեսակային բանականությունը և ինքնապաշտպանական բնազդը չբթանան․․․

Մենք էդպես էլ չհասկացանք, որ Հայ Ազգի խնդիրը, առաքելությունը ոչ թե Պետություն ունենալն է, այլ՝ որպես տեսակ իր անվտանգությունը և զարգացումն ապահովելը, ինչի համար կարևոր է ունենալ ՀԱՅԿԱԿԱՆ Պետություն։ Այսինքն, Պետությունը մեր ազգի համար ոչ թե նպատակ, այլ միջոց է, որը պիտի ապահովի Հայ Ազգի անվտանգությունը, լինելիությունը և զարգացումը։

Եթե մենք պիտի կառուցենք պետություն, որը չպիտի ապահովի դա (էլ չեմ ասում՝ հակասի դրան), ապա ինչի՞ համար ենք այն ընդհանրապես կառուցում։

Վերջերս շատ ճիշտ հարցադրում եղավ կառավարության նիստում. վերջապես մենք ու՞մ համար ենք կառուցում պետությունը։ Ցավոք ձևակերպման և “լրատվական” կոնկրետ շրջանակների պատճառով այդ քննարկումը սխալ հունով ընթացավ։ Բայց հենց այդտեղից էլ պետք էր սկսել․․․

Մենք ու՞մ համար ենք պետություն կառուցում։

Պետք է հասկանալ, որ Հայաստանը նախ և առաջ ՀԱՅԿԱԿԱՆ պետություն է։ Համենայն դեպս՝ պիտի լինի այդպիսին կամ ընդհանրապես չպիտի լինի․․․

Մեզ պետք չէ կառուցել մի պետություն, որը կգործի ի վնաս Հայ տեսակի, Հայ Ազգի։

Մենք փակում ենք մշակույթի նախարարությունը՝ բերելով զանազան ու զարմանազան պատճառաբանություններ, այնինչ՝ դա կարևորագույն նախարարության կարգավիճակում պետք է լիներ՝ պաշտպանության և ազգային անվտանգության նախարարություններից ոչ պակաս առաքելությամբ։

Ասում ենք պետությունը չպիտի խառնվի արվեստին, այնինչ՝ Հայկական Պետության ԱՌԱՆՑՔԱՅԻՆ գործերից մեկը՝ Հայ Մշակույթի, ՀԱՅ Արվեստի զարգացումը և համաշխարհային էքսպանսիան պիտի լիներ։

Իսկ ի՞նչ է արվում այժմ։ Չի խրախուսվում, նույնիսկ երբեմն արգելվում է Հայկականը, դրա փոխարեն խրախուսվում է տարատեսակ այլանդակություն՝ ազատ արվեստ անվան տակ։ Ըստ էության հենց սա էլ ցենզուրան է՝ փափուկ ուժի տեսքով, որի մասին խոսեցինք վերևում։

Ասում են մեզ պետք են մասնագետներ։

Կներեք, ու՞մ են պետք այն մասնագետները, որոնք վաղը պիտի աշխատեն այլ պետությունների համար։

Իսկ եթե դու չես պատրաստում մասնագետ, որպեսզի նա ծառայի Հայոց Պետականությանը, ապա ինչի՞ համար ես ընդհանրապես պատրաստում այդ մասնագետին, էլ չեմ ասում՝ Հայ Ազգից հավաքած հարկերի հաշվին․․․

Իսկ ինչպե՞ս կարող ես մասնագետ պատրաստել, որը պիտի ծառայի Հայ Ազգի ու Հայոց Պետականության շահերին, եթե Հայկականությունը բռի ուժով մղում ես երրորդ պլան։

Եկեք միանգամից Հայաստանի Հանրապետություն անվանումից հանեք Հայաստան բառը, թողեք ուղակի Հանրապետություն։ Էդպես ավելի անկեղծ կլինեք թե՛ մեր հետ, թե՝ ձեր։

Իսկ եթե այնուամենայնիվ մենք Հայաստանի Հանրապետություն ենք, ապա Հայաստան և Հայ բառերը, գաղափարները պետք է կարմիր թելով անցնեն մեր ողջ պետականության և կյանքի բոլոր ոլորտներով և առաջին հերթին՝ կրթության։

Ո՞նց է ստացվում, հարյուրավոր կրթություն ստացածներից կոնկրետ անհատներ են ծառայում Հայկական շահերին։

Պարույր Սևակը, Կոմիտասը, Տերյանը, Ռուբեն Սևակը․․․․ բոլոր հսկաները, որոնք կրթվել են դրսում, նախքան այդ՝ նախ և առաջ կրթվել են որպես ՀԱՅ (ի դեպ, մեծամասամբ՝ Հայ Եկեղեցուն կից կրթարաններում)։ Որպես Հայ կերտվելուց ու դաստիարակվելուց հետո են նաև՛ դրսում ստացած իրենց գիտելիքները ծառայեցրել ի շահ Հայության։

Էսօր շատերդ ասում եք՝ է՜, մե՞զ ինչ, թե Էսինչ Էնինչյանը ինչ-որ երկրում ինչ-ինչ համաշխարհային հաջողությունների է հասել, ո՞րն է մեր օգուտը դրանից․․․

Բա ինչպե՞ս եք դուք պատրաստվում օգուտ ստանալ մեկից, որին պատրաստում եք որպես զուտ մասնագետ, այլ ոչ իբրև Հա՛յ մասնագետ։

Ո՞նց պիտի կարողանաք այդ մասնագետին համոզել, որ ինքը պետք է մնա ու ծառայի Հայաստանին, այլ ոչ թե աշխատի էնտեղ, որտեղ աշխատավարձն ավելի բարձր է կամ որտեղ ռումբեր չեն ընկնում սահմանին։

Չասեք, թե դրա համար պիտի լավ պետություն ունենանք, որ արժանի վարձատրենք։ Այդ լավ պետությունն էլ հենց նվիրյալները պիտի ստեղծեն, սկզբում թեկուզ ցածր աշխատավարձով՝ իրենց կյանքի հաշվին, բայց որպեսզի վաղը աշխատավարձը խնդիր չլինի։

Մենք ունենալու՛ ենք այդպիսի երկիր։ Անկասկա՛ծ։ Բայց դա ունենալու ենք նվիրյալների՛ շնորհիվ (կամ ՝ հաշվին, ինչպես կուզեք)։

Մարդը չի ապրում որպեսզի ուտի, այլ` ուտում է, որպեսզի ապրի։ Իսկ ապրելը, լինելը՝ գործողություն է նախ և առաջ։ Ապրելը տեսակի շարունակականությունն ապահովելն է։ Կլինի դա անհատապես, թե կոլեկտիվ մակարդակով…

Դարերի ընթացքում, մենք որպես տեսակ ձևավորվել ենք և կոչվել Հայ։ Դարեր ի վեր մեր նախնիները կյանք չեն խնայել՝ Հայկական Պետականություն ունենալու համար։ Այսօր եկել, հասել ենք մեր նախնյաց բաղձալի օրվան՝ կերտել Հայկական Պետություն, բայց արի տես, այդ պետությունը փոխարենը Հայ Տեսակին ծառայի՝ պատերազմ է հայտարարել ամեն Հայկականի հանդեպ։

Երկրի ղեկավարը ԱԶԳ (էլ չեմ ասում՝ ՀԱՅ ԱԶԳ) բառը “պրինցիպիալ” չի արտասանում…
Տարբեր գերատեսչությունների մակարդակով պատերազմ է ընթանում Հայի տեսակի դեմ։

Ու՞մ է պետք այս պետությունը, եթե այն չպիտի խրախուսի, երաշխավորի, աջակցի Հայկականը։

Դուք ու՞մ համար եք պետություն կառուցում։

Քաղաքացու՞։ Ի՞նչ քաղաքացու, որն ատու՞մ է Հայկականը և ծաղրու՞մ Հայության հետ կապված ամենը։

Նայեք ձեր շուրջը․ համատարած գաղափարական աղբի մեջ թաղված է երկիրը։ Իսկ առանձին անհատների կողմից բարձրացվող Ազգային ու Հայկական ձայնը փորձ է արվում խլացնել պետական մակարդակով՝ թե արգելելու և թե՝ ապազգայինն ու այլանդակությունը խրախուսելու մեթոդներով։

Մարդա մեկը հոդված էր գրել՝ “Պետության Վախճանը” վերնագրով և նշում էր, թե կարևորը տնտեսական կապերն են ու փողի վերահսկողությունը։ Նույնիսկ Հայաստանը տարածաշրջանային տնտեսական կենտրոնի վերածելու թեման էր առաջ քաշում (դրա համար ոսկու ողջ պաշարը փոխեց թղթի կտորների կամ բանկերում ինչ-որ վերացական թվերի հետ)։

Մինչդեռ մի քանի դար առաջ մենք արդե՛ն ունեինք այդ վերահսկողությունը՝ Ջուղայի Հայ վաճառական, Խոջայական առևտրական ցանցը։ Բացեք, կարդացեք Գլինկայի վկայությունները, թե համաշխարհային առևտրի քանի տոկոսն էր վերահսկում Հայ վաճառականությունը։ Հնդկաստանը չէր կարողանում ոտքի կանգնել, քանի որ պարտք էր Հայ վաճառականներին, և Սովետները այդ պարտքը զիջեցին՝ տեղը ստանալով ոսկու հանքերը։ Իսկ մե՞նք․ մենք էլ դե Սովետների կազմում էինք, հերիք չէ՞ր, մի բան էլ պահանջ ներկայացնեինք կամ իրավունք պահանջեինք․․․ Ցեղասպանության տարիներից ի վեր մոտ մեկ դար է Թուրքիայում դեռ Հայկական ոսկիներն են փնտրում։ Մինչ այսօր թեման շահարկվում է աշխարհի տերությունների կողմից, քանի որ Հայկական գանձարանին (այդ թվում՝ Կիլիկիան թագավորության) տիրացածները որևէ կերպ չեն ցանկանում զրկվել դրանից։

Թուրքիայում էլ մենք ուժեղ ցանց ունեինք, հսկայական կապիտալ, ու՞ր է, ո՞ր պետության շահերին է ծառայում այդ կապիտալը։

Այդպես էլ չհասկացաք, որ կապիտալի տերը եթե Հայրենիք չունենա, իսկ Հայրենիքը՝ Պետականություն, ապա ինքն այդ կապիտալի տերը չէ, նույնիսկ եթե ժամանակավոր վերահսկում է այն։

Վերջ ի վերջո, ե՞րբ պիտի սթափվենք ։

Ե՞րբ պիտի գա լրջանալու պահը։

Երբ պիտի վճռականորեն կանգնեցնենք խեղկատակների այս թատրոնը, խելքի հրավիրենք բոլոր այն անցողիկներին, որոնք ժամանակավորապես կեցություն են հաստատել մեր Հայրենիքում՝ Սրբազան Օրենքների Երկիր Հայաստանում և, մեր հանդուրժողականության ու համբերության անսպառ բաժակը չարաշահելով՝ լպիրշ և ամբարտավան կերպով ծաղրում և ոչնչացնում են ամեն Հայկականը՝ մնալով անպատիժ։
Ե՞րբ պիտի Այգեպանը վերջապես զբաղվի իր Այգով՝ մաքրի մոլախոտերից և պարազիտներից, իսկ վայրիացած ու փչացած ծառերը՝ պատվաստի ու կարգի բերի։

Թշնամին նա է ով փորձում է ոչնչացնել քո տեսակը։ Կապ չունի՝ դա անում է սահմանից այն կողմ՝ ավտոմատո՞վ, թե սահմանից այս կողմ՝ փողով։

Երկուսն էլ պետք է որակվեն և ճանաչվեն որպես թշնամի, և կանխվեն՝ հնարավոր բոլոր միջոցներով։ Եթե իհարկե ցանկություն չունեք վերանալ որպես տեսակ։ Այլապես, կարող եք Հայաստանի Հանրապետություն անվանումից հանել Հայաստան բառը։ Ի՞նչ տարբերություն, թե ինչ Հանրապետություն, եթե այն Հայկական շահերը չպիտի սպասարկի։

Խելքի աշեցեք։ Լրջանալու պահն է։

Մենք իրավունք չունենք պարտվել այն Շախմատային Պարտիան, որը Հայկ Նահապետն է սկսել։

Բելը չպիտի վերակենդանանա, Հայաստանի տերը պիտի Հայերը մնան։ Չի՛ կառուցվելու ձեր բաբելոնյան աշտարակը։ Նույնիսկ եթե ամբողջ աշխարհի բաբելոնյան նոր աշտարակաշինության բոլոր ճարտարապետները հավաքվեն իրար գլխի, միևնույն է՝ չի՛ կառուցվելու այն։

Սա Հայաստանն է, Հայերի՛ Հայրենիքը։ Էդպիսին էլ կմնա․․․՝ Հավիտյանս Հավիտենիս․․․

Որովհետև Ի սկզբանէ էր Բանն․ եւ Բանն էր առ Աստուած․ եւ Աստուած էր Բանն․․․

07․11․2019թ․

Միշտ #ՀԱՅ

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում