Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են

Մշակութաբան. Չգիտեի՝ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.amՄշակութաբան, պարագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համար ժամանակակից արվեստ գոյություն չունի, կա ժամանակավոր և հավերժ:

«Պոռնկությունն աշխարհի ամենահին մասնագիտությունն է, դա ժամանակակից արվեստ չէ: Այսօր էլ ժամանակակից արվեստ է Նարեկացին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Գինոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես մշակութաբան՝ ինչպե՞ս եք գնահատում «Հուզանք ու զանգ» ներկայացումը, արդյո՞ք այն կարելի է համարել արվեստ:

«Չգիտեի, որ նվնվոցները, սեռական գործողությունների իմիտացիան մշակույթ են: Կարելի է փողոցում էլ սեքսով զբաղվել, նույնիսկ Հանրապետության հրապարակում կամ որպես բողոքի ակցիա սեքսի պակասից կառավարության շենքի դիմաց և ներկայացնել, որ դա մշակույթ է: Բայց այդպես չի կարելի անել»,- նշեց նա:

Գ. Գինոսյանի խոսքով, փողոցը կեղտոտելու, երթևեկության կանոնները խախտելու համար մարդիկ տուգանվում են, կամ գոնե կարգի են հրավիրվում: Նա ընդգծեց, որ սա պետք է ահազանգ լինի՝ հասկանալու, թե ինչն է մշակույթ, ինչը մշակույթ չէ:

«Մարդիկ, որոնք լծված են նույն գործն անելու, ինչ-որ կիսաբարո, կիսահոգեական մարդիկ, որոնք անում էինք այդ ամեն ինչը, վստահ վճարվում են դրսից, ֆինանսավորվում են: Պետք է լրջորեն հետևել, թե որտեղից է գալիս այդ մարդկանց ֆինանսավորումը, որտեղից են ճարում այդ ամեն ինչը, պետք է հասկանալ, թե ում է ձեռնտու և ով է ինչ ուզում ասել», -նշեց մշակութաբանը:

Նաև ասաց, որ այն մարդիկ, որոնք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքից հետո փորձում են Գարեգին Նժդեհին կասկածի տալ դնել, պետք է հասկանալ՝ կամ նույն նպատակներին են ծառայում կամ նույն տեղերից են ֆինանսավորվում:

«Քառորդ դարից ավելի Թուրքիան և Ադրբեջանը տնտեսապես շրջափակել են Հայաստանը: Պարզ է, որ դա իրենց վրա էլ է ծախս, իրենց վրա էլ տնտեսապես անդրադառնում. մեր դեմ քաղաքական լոբբիգ իրականացնելու համար միլիարդներ են ծախսում, ռազմական ագրեսիայի համար՝ առավել ևս: Պետք է տգետ լինել, որ չենթադրել կամ գոնե չկասկածել, որ այդ երկրները գումարներ չեն ներդրում մեր մշակույթը ոչնչացնելու համար: Իսկ մշակույթը ոչ այլ ինչ է, քան մեր ինքնությունը: Հստակ աղբյուր ունի: Ինձ համար, գոնե, ակնհայտ է: Սա ազգային անվտանգության խնդիր է՝ գտնել սկզբնաղբյուրը, որտեղից է սնուցվում, ով է ֆինանսվորում»,- ասաց Գ. Գինոսյանը:

Նրան հետաքրքրում է, թե ինչո՞ւ Հայաստանն օրենք ունի, որ քաղաքական կուսակցությունները չպետք է ֆինանսավորվեն օտարերկրյա աղբյուրներից, բայց մշակույթը կարող է որտեղից ասես ֆինանսավորել. «Ով որտեղից ուզում է, ինչ գումար ուզում է, ինչի համար ուզում է, կարող է գումար բերել ու ապականել իմ երկիրը: Ինչո՞ւ ես երթևեկության կանոնները խախտելու համար տուգանվում եմ, իսկ մարդկային բարոյականության կանոները խախտող, իմ իրավունքները խախտող՝ ես դուրս եմ գալիս մետրոյի կայարանից, չեմ ուզում այդ ապականությունը տեսնել, ինձ նյարդայնացնում է ինչ-որ մեկի նվնվոցը, բայց մենք չենք տուգանում, կարգի չենք հրավիրում նրան»:

Հարցին, թե նրանք, ովքեր քննադատաբար են արտահայտվում «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին, նրանց անվանում են խավարամիտներ, Գագիկ Գինոսյանն ասաց. «Այսինքն՝ Կոմիտասին լուսաբանելը խավարամտություն է, կիսապոռնոգրաֆիկ, կիսահոգեկան ձայներ արձակելն ու շարժումներ անելը լուսավորություն է, առաջադիմություն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում