Ֆեմիդայի կշեռքի մի նժարին իրենց խոցելիությունն է իշխանությունների առջև, մյուսին` իրենց արժանապատվությունը, խիղճը. Ռ. Քոչարյան (տեսանյութ)

Ֆեմիդայի կշեռքի մի նժարին իրենց խոցելիությունն է իշխանությունների առջև, մյուսին` իրենց արժանապատվությունը, խիղճը. Ռ. Քոչարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Համոզված եմ, որ այս դահլիճում նստած բոլորը գիտակցում են, որ ինձ կալանքի տակ պահելու ո՛չ հիմքեր կան, ո՛չ պայմաններ, և սա ուղղակի հետևանք է Հայաստանում տեղի ունեցող մի գործընթացի, որով ինձ թիրախավորել են որպես նշանակված մեղավոր: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստի ընթացքում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

«Այս ամենը հասկանում եմ, և հատկապես այս վերջին իրադարձությունների հետ կապված նաև Սահմանադրական դատարանի շուրջ, հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ Ֆեմիդայի կշեռքի մի նժարին դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների առջև, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուսին` իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Եվ ուղղակի մարդիկ պետք է հիշեն` վերջին անգամ իրենց տանիքը երբ են վերանորոգել կամ վերջին անգամ, միգուցե, մի սառնարան են գնել մի հինգ տարի առաջ, որի կտրոնը պահել են, թե չեն պահել, և վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ կերպ չի կարողանալու տալ»,– ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` դատարանի որոշումներն ավելի հաճախ դատարանի խոցելիության աստիճանից են բխում: «Ցավոք, սա է իրականությունը: Ըստ էության, կան շենքեր, դատավորներ, դատախազներ, այն ամենը, ինչը կոչվում է արդարադատություն, բայց չկա ինքը` արդարադատությունը, որովհետև իմ նկարագրած այս սխեմայի մեջ արդարադատություն գոյություն չունի: Կան սիմվոլները, կան մարդիկ, կան պաշտոնյաներ, բայց չկա արդարադատություն: Այժմ սա է վիճակը»,- նշեց Քոչարյանը:

Վերջինս, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, նշեց, որ հասկանում է` որ նաև դատավորն է այս վիճակում, և ստիպված է լինելու գնահատել նաև սեփական խոցելիությունը: Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց նաև, որ իր համար մի քիչ տհաճ է կանգնել դատարանում և փորձել համոզել, որ փախչելու և խոչընդոտելու մտադրություն չունի:

«Իմ կենսագրության հետ չի բռնում, ու, ընդհանրապես, այս դահլիճում, այս կողմում նստած մարդկանցից ոչ մեկը ո՛չ փախչող է, ո՛չ խոչընդոտող է, մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ, սա է փաստը, հիմա ով ինչ խոսի, սա մեր կենսագրությունից ոչ մեկ չի կարող ջնջել, իրոք, ես ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ, ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում