Փաշինյանն սպասում է, թե ինչ կառաջարկեն միջնորդները կամ Ադրբեջանը. Հրանտ Մելիք- Շահնազարյան

Փաշինյանն սպասում է, թե ինչ կառաջարկեն միջնորդները կամ Ադրբեջանը. Հրանտ Մելիք- Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Pastinfo.amՆիկոլ Փաշինյանը նախօրեին ուղիղ եթերով ասաց, որ բոլոր այն մեղադրանքներն առ այն, որ Հայաստանի նոր իշխանությունը չունի պաշտոնական տեսակետ Արցախի հարցում, իրականություն են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարություններին։

«Նիկոլ Փաշինյանը ոչ թե ոչինչ չասեց, այլ հաստատեց, որ չկա քաղաքականություն Արցախի հարցում եւ նա սպասում է՝ տեսնի, թե ինչ առաջարկներ կլինեն միջնորդների կողմից, գուցե նաեւ Ադրբեջանի կողմից , հետո բերի այդ առաջարկը քննարկի հայ հանրության շրջանում։ Կհամաձայնի՞ ժողովուրդը, լավ է, չի՞ համաձայնվի, ուրեմն կգնա նոր առաջարկների հետեւից», -«Փաստինֆո»-ին ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, Փաշինյանը նախօրեին Ֆեյսբուքի ուղիղ եթերով վերահաստատեց իր նախկինում արված հայտարարությունը, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։

«Հիմա շատ կարեւոր է արձանագրել, թե որն է մեր ռազմավարությունը Ղարաբաղի հարցում: Ես ինքս մի քանի անգամ ասել եմ, որ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետեւ Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է, եւ բանակցությունները վարվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել եւ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում եւ երբ որ բանակցային գործընթացում կձեւակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կլինի, ես այդ տարբերակը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ մենք համազգային քննարկում կունենանք եւ որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով»,-հայտարարել էր Փաշինյանը։

Անդրադառնալով այս թեզին, Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայ հանրությունն իր կարծիքը չի փոխել, այնպես, ինչպես չի փոխել Ադրբեջանի հանրությունը ։ « Այս տեսակետից երկու հասարակությունների տեսակետները հստակ են եւ հայտնի բոլորի համար։ Եթե Փաշինյանն ասում է՝ ադրբեջանցիների եւ հայերի համար ընդունելի լուծում է փնտրում, դա պոպուլիստական հայտարարություն է եւ ոչ ավելի։ Ադրբեջանը չի համակերպվի անգամ այն մտքին, որ ենթադրենք, ամբողջ Արցախը տրվի իրեն եւ հայկական մնա միայն Ստեփականկերտը եւ Շուշին ու միայն ուղղաթիռի կապ լինի Հայաստանի հետ։ Իրենք դրա հետ էլ չեն համաձայնի, իրենք Շուշին էլ են ուզում, Ստեփանակերտն էլ են ուզում, անգամ մինչեւ Երեւան են հասնում։ Դրա համար, երբ Փաշինյանն ասում է, որ նման լուծում է փնտրում, դա էժան հնարք է, որը նա փորձում է վաճառել միջազգային հանրության վրա՝ ասելով, որ այ, տեսեք, ես մտահոգ եմ նաեւ նրանց համար, բայց պոպուլիզմը այնքան մեծ է , որ միանգամից նկատվում է Փաշինյանի նպատակների կեղծ լինելը եւ դա հնարավոր չէ վաճառել»,-շեշտեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ, ըստ էության վարչապետն այս ուղիղ եթերի ընթացքում խոստովանեց , որ հայկական կողմից նախաձեռնություն չկա, խոստովանեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման քաղաքականություն չի մշակվել ։ «Նա այդ ամենը այդպես հանգիստ է խոստովանում այն պատճառով, որ իր մտքում Փաշինյանը վաղուց արդեն հանրությանը բաժանել է յուրայինների եւ օտարների եւ իր խոսքը ուղղված էր յուրայինների։ Նա իր կողմնակիցներին, մարդկանց, ովքեր փաստերի էության մեջ չեն խորասուզվում, ցույց է տալիս, որ իբրեւ թե այդ մեղադրանքները անհիմն են եւ իբրեւ թե ինքը զբաղվում է այդ հարցերով։ Մենք դա նկատեցինք ոչ միայն Ղարաբաղի հարցի շուրջ եթերի ընթացքում, այլեւ այն ցուցադրական տնօրհնեքի ընթացքում։ Ինքը սրանով ցույց է տալիս, իբրեւ թե քրիստոնյա ընտանիք են , բայց չի հասկանում, որ նման հարցերում ցուցամոլությունը հենց հակառակի մասին է խոսում, մանավանդ, որ հանրությանը հայտնի դարձավ, որ նրա երեխաները մկարտված չեն, հետեւաբար տեղին չէ խոսել այն մասին, որ դա քրիստոնյա ընտանիք է եւ նա դա անում է կրկին իր կողմնակիցներին ինչ-որ բան ապացուցելու համար»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ Փաշինյանն այսօր աշխատում է բացառապես այն հատվածի համար, ում համարում է իր կողմնակիցը եւ քննադատություններն իր համար ոչինչ չարժեն։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ նաև Telegram-ում