«Ադեկվադ»-ի ղեկավարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

«Ադեկվադ»-ի ղեկավարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

«Ադեկվադ»-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Մեր իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, շարունակում են չկատարել իրենց պարտականությունները:

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցնակցնելու համար: Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:

Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք: Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան:

Արդյունքում կարծում ենք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել են ոչ միայն Վալերիյ Օսիպյանը, այլև Արթուր Դավթյանը, Սասուն Խաչատրյանը և Արման Սարգսյանը:

Սպասենք ԱԱԾ-ի պատասխանին և հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ևս քրեական գործ չհարուցելու դեպքում այս հարցի վերջին հանգրվանը լինելու է Փաշինյանի կողմից այդքան չսիրված ու շրջափակված ԴԱՏԱՐԱՆԸ:

Ոչ ոք չի պլստալու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում