Ա.Միրզոյանի՝ միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը իրավապահները պետք է ընթացք տան, դա հանցագործության մասին հաղորդում է

Ա.Միրզոյանի՝ միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու մասին հրապարակմանը իրավապահները պետք է ընթացք տան, դա հանցագործության մասին հաղորդում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրավապահ մարմինները պետք է ընթացք տան այժմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի վերաբերյալ հրապարակմանը, համաձայն որի՝ նա փոխվարչապետի պաշտոնից չի ազատվել, ազատման ակտ չկա, և նշանակվել է Ազգային ժողովի նախագահ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Փաստինֆո»-ի այն հրապարակմանը, համաձայն որի՝ Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

«Եթե պատգամավոր Արման Բաբաջանյանի անհիմն դիմումի վրա Հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցում, իշխանության յուրացման ու իշխանության յուրացմանն օժանդակելու վերաբերյալ, ապա Արարատ Միրզոյանի դեպքում միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի»,-ասաց Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ երբ «Իմ քայլ»-ի պատգամավորները սլաքներն ուղղում էին դեպի Հրայր Թովմասյանը, նշում էին, որ նա պատգամավոր է եղել, մանդատից չի հրաժարվել ու ընտրվել է ՍԴ անդամ, այնինչ պատգամավորի դեպքում գործում է անհամատեղելիության սկզբունքը, ինչից ելնելով էլ, երբ պատգամավորն անցնում է այլ պաշտոնի, նրա լիազորությունները դադարեցվում են:

«Արարատ Միրզոյանի՝ առաջին փոխվարչապետ լինելու պարագայում իրավիճակը հետևյալն է. վարչապետի հրաժարականից հետո կառավարությունը պարտավորվել է հրաժարական ներկայացնել 2018-ի հոկտեմբրի 16-ին, նախագահն այդ մասին հրամանագիր էր ընդունել: Սահմանադրությամբ մեկ դրույթ կա, որ կառավարությունը շարունակում է պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Ի՞նչ է տեղի ունենում այդ ընթացքում. դեկտեմբերի 9-ին տեղի են ունենում ԱԺ ընտրություններ, Արարատ Միրզոյանն ընտրվում է պատգամավոր: Նա հանդիսանալով առաջին փոխվարչապետ՝ ընտրվում է պատգամավոր, ապա հունվարին ընտրվում է ԱԺ նախագահ և այդ ընթացքում չի ներկայացնում հրաժարականի դիմում, չկա որևէ ակտ այն մասին, որ Արարատ Միրզոյանն ազատվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնից, այսինքն՝ ինչ-որ ակտով նրա լիազությունները պետք է դադարեցվեր, որովհետև ստացվում է, որ մինչև առաջին փոխվարչապետի հաստիքի լուծարումն Արարատ Միրզոյանը եղել է և՛ ԱԺ նախագահ, և՛ առաջին փոխվարչապետ: Կառավարության անդամների համար պաշտոնները անհամատեղելիության կամ այլ սկզբունքով մեխանիկորեն դադարեցնելու կանոն չկա»,-ասաց Մելոյանը:

Սահմանադրագետի խոսքով՝ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ նշանակվելու գործընթացքով, միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնելու հիմքով պետք է գործ հարուցվի. «Սա հանցագործության մասին հաղորդում է, որին Դատախազությունը պետք է ընթացք տա»:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն գրել է, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,– նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում