Պատգամավորի եղբորը կանչել են Քննչական կոմիտե հարցաքննության

Պատգամավորի եղբորը կանչել են Քննչական կոմիտե հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 168.am: Չկալովկա համայնքի ՀՀԿ-ական նախկին ղեկավար Երվանդ Կարապետյանին, որը վարչապետ Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եղբայրն է, կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Առիթը, հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքը ղեկավարելիս թույլ տրված ապօրինություններն են:

ԱԱԾ-ից ստացված տվյալների համաձայն՝ նախկին գյուղապետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2014-2016թթ. համայնքի բյուջեից անապահով ընտանիքներին օգնելու պատրվակով դրամական օգնություն է դուրս գրել, որից 1 մլն 170 հազար դրամը յուրացրել է, բացի այդ՝ ձևական մրցույթի անցկացումով փաստացի իրեն պատկանող 7 մլն դրամով գնված «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին շուկայականից շատ ավելի բարձր գնով ՝ 10 մլն 400 հազար դրամով, վաճառել է ինքն իրեն՝ իբր Չկալովկա համայնքի ծառայողական մեքենա: Եվ համայնքի կարիքների համար ձևակերպումով համայնքին պատճառել է շուրջ 3․400․000 դրամի վնաս։ Այս մասին ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել էր հուլիսի 22-ին:

Ի՞նչ կարգավիճակով է Երվանդ Կարապետյանին կանչել հարցաքննության և ի՞նչ փուլում է գործի քննությունը, այս հարցերին Կարապետյանը խուսափողական պատասխան տվեց:

«Իմ գործով նախաքննություն է ընթանում, խճճված պատմություն է, բան չեմ հասկանում, որ Ձեզ կարողանամ ինչ-որ բան ասել, գործը տեղափոխել են Երևան, քննչական կոմիտե եմ կանչվել հարցաքննության: Ամեն դեպքում սա թեթև գործ է, ավելի լավ է, իմ մասին գրելու փոխարեն՝ լուրջ գործով զբաղվեք»,- 168.am-ին փոխանցեց Երվանդ Կարապետյանը՝ ընդգծելով նաև, որ այսօր իշխանական թևում գտնվող պատգամավոր եղբայրն իրեն ոչնչով օգնել չի կարող՝ «դրա իմաստը չկա, ամեն մեկն իր գործով է զբաղված»:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Երվանդ Կարապետյանն արձագանքելով իրեն վերագրվող մեղադրանքին՝ նշել էր, որ չի ընդունում այն, գործը փուչիկ էր համարել՝ ենթադրելով, որ գուցե եղբոր իշխանական դիրքին հարվածելու միտումով կամ «իրենց ընտանիքին վատություն անելու համար հեղափոխությունից հետո մարդիկ գնացել են, գործ են տվել իր դեմ, հակառակ դեպքում Հայաստանի 900-ից ավելի համայնքների մեջ հենց Չկալովկան չէին թիրախավորի»:

Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն այն պատգամավորներից է, որը ժամանակին ներգրավված է եղել նախկին իշխանության գործադիր կազմում, և չնայած դրան՝ մի կողմից՝ նախկին իշխանությանը մեղադրում է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներում, մյուս կողմից՝ իբրև հեղափոխական պաշտոնյա՝ հանդես է գալիս կոռուպցիայի դեմ պայքարի դիրքերից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում