Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելը իմաստազուրկ գործընթաց է

Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելը իմաստազուրկ գործընթաց է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելն ակնհայտորեն պայմանավորված է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացով, և իմաստազուրկ է, քանի որ եթե ինչ–որ մեկը պետք է վախենար դրանից, արդեն չի վախեցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունների կողմից Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելը:

«Ես այս պնդումն անում եմ, որովհետև նման անհիմն մեղադրանքով, առանց որևէ հիմքի անձին անազատության մեջ պահելու պատճառը միայն դա կարող է լինել: Այլ ենթադրություն, քան այն, որ Արսեն Բաբայանի նկատմամբ ուղղակի հետապնդում է իրականացվում, անել հնարավոր չէ»,– ասաց նա:

Փաստաբանը նկատեց, որ Հայաստանում անհնար է ասել, թե գործընթացներն ինչ շարունակություն կարող են ունենալ: «Ամեն ինչ կարող է լինել, տրամաբանական գիծ որևէ տեղ չկա, եթե հասել ենք այս իրավիճակին»,-ասաց նա:

Երվանդ Վարոսյանն ասաց, որ չգիտի, թե ուրիշ ինչ քայլերի կարող է դիմել իշխանությունը՝ իր նպատակին հասնելու համար: «Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելը իմաստազուրկ գործընթաց է, եթե ինչ-որ մեկը դրանից պետք է վախենար, արդեն չի վախեցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչը կարող է կանխել իշխանությունների այս շարունակական գործողությունները, փաստաբանն ասաց. «Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարող է կանխել միջազգային հանրության ադեկվատ արձագանքը, քանի որ Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ ադեկվատ արձագանքել իշխանության քայլերին»:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում