ՄԻԵԴ վճռով Հայաստանը ԲՀԿ նախկին պատգամավորին կվճարի 259 հազար եվրո

ՄԻԵԴ վճռով Հայաստանը ԲՀԿ նախկին պատգամավորին կվճարի 259 հազար եվրո

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (Սեփականության պաշտպանություն) խախտում։ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է որպես վնասի փոխհատուցում 3 ամսվա ընթացքում վճարել ընդհանուր 259 հազար եվրո։

Ինչպես ասվում է վճռում, գործը ՄԻԵԴ են ներկայացրել ամուսիններ Վերսանդիկ Հակոբյանն ու Հեղինե Ամիրխանյանը 2007թ․-ի մարտի 27-ին։ Գործը վերաբերում է սեփականության իրավունքին։ Նշվում է, որ ամուսինները համատեղ ունեցել են 222 քմ մակերեսով հողամաս և 124.52 քմ մակերեսով տուն Երևանի կենտրոնում: Դիմումատուներն այս գույքը գնել են 2001 թվականի հոկտեմբերի 23-ին՝ 84,466.500 ՀՀ դրամով:

2000 թ.-ին Հյուսիսային պողոտան կառուցելու ՀՀ կառավարության ու քաղաքապետարանի համապատասխան որոշումներով այս տարածքը հայտնվել է հանրային գերակա շահի տարածքում ու 2005թ․-ին դրա դիմաց որպես փոխհատուցում առաջարկվել է մոտ 55մլն դրամ, ինչը չի բավարարել դիմումատուներին։

Ներպետական ատյաններով անցնելով՝ գործը 2007թ․-ին հասել է ՄԻԵԴ։ Դիմումատուները ՄԻԵԴ–ում պահանջել էին որպես նյութական վնաս փոխհատուցել ընդհանուր մոտ 880 հազար եվրո։

Նշենք, որ Վերսանդիկ Հակոբյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր 2007-2012 թվականներին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում