Հրայր Թովմասյան.«Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը»

Հրայր Թովմասյան.«Բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդմանն ուղղված ջանքերը»

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.amՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Փաստինֆո» գործակալության խնդրանքով արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը:

«Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից:

Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը:

Ողջունում եմ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում