«Փաստ». Իշխանության անլուրջ մոտեցումը գիտությանը

«Փաստ». Իշխանության անլուրջ մոտեցումը գիտությանը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը վերջին շրջանում հանրության մեջ լայն քննարկման և քննադատությունների առարկա դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց՝ այդ նախագծով որոշվել է, որ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Սակայն պարզվում է, որ հայագիտական առարկաների դասավանդման հարցը միակ խնդիրը չէ, որի հետ կապված լուրջ մտահոգություններ կան մասնագետների շրջանում:

Եվ այն վերաբերում է Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկին, որն, ըստ էության, նշանակում է ակադեմիայի լուծարում:

Եվ զուր չէ, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել գիտության ոլորտի ներկայացուցիչների մոտ:

Նրանք կարծում են, որ այդ նախագծով գիտության կարգավիճակը իջեցվում է, և այն դիտարկվում է միայն բուհական համակարգի սպասարկման տեսանկյունից:

Իհարկե, գիտությունը շաղկապված է կրթության հետ, բայց գիտությունը ավելի լայն հասկացություն է, քան կրթությունը, և առանց գիտության կրթություն լինել չի կարող, բայց դա չի ենթադրում, որ գիտությունը պետք է խցկել կրթության ոլորտ:

ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը նկատել է, թե իզուր են գիտությունը բուհեր տանում, որովհետև գիտությունը բուհերում արդեն կա։

Ըստ նրա, սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։

Իսկ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը նկատել է, որ նշված նախագծով գիտությունը գրեթե ոչնչացվում է, և այն դառնալու է օրենք՝ ակադեմիան լուծարելու մասին։

Գիտությունների ազգային ակադեմիան ՀԽՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 1943թ. նոյեմբերի 10-ին, որի 23 հիմնադիր-ակադեմիկոսների թվում էին Մ. Աբեղյանը, Ալիխանյան եղբայրները, Հ. Աճառյանը, Ավ. Իսահակյանը, Վ. Համբարձումյանը, Օրբելի եղբայրները և այլք, և նպատակ է հետապնդել համախմբել գիտնականներին` գիտության տարբեր բնագավառներում իրականացնելու հիմնարար հետազոտություններ, երևան հանելու և վերաիմաստավորելու ազգի հոգևոր ժառանգությունը, ապահովելու ազգային անվտանգություն` սոցիալական և տնտեսական հիմնախնդիրների լուծման համար:

Խորհրդային իշխանության տարիներին ակադեմիայում կատարվել են համաշխարհային հնչեղության հայտնագործություններ աստղաֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, հայագիտության և գիտական այլ բնագավառներում:

Ներկայումս ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառները և գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է հանրապետական բուհերի, պետական կառույցների, միջազգային գիտական կազմակերպությունների հետ, սակայն ներկա շրջանում գիտության զարգացման հետ կապված լուրջ խնդիր կա, որն առաջին հերթին վերաբերում է պետության կողմից այս ոլորտին հատկացված միջոցներին և համապատասխան ուշադրությանը:

Գիտության ոլորտին կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները անբավարար են, և չկա մոտիվացնող որևէ գործոն գիտական գործունեությունը խրախուսելու ուղղությամբ:

Ոլորտի մասնագետները միշտ էլ բարձրաձայնել են, որ գիտությանը հատկացվող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է:

2019 թվականին Հայաստանում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մասնաբաժինը կրճատվել է՝ կազմելով ՀՆԱ-ի 0,23 տոկոսը՝ այն դեպքում, երբ 2016-ին գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմում էր ՀՆԱ-ի 0,27 տոկոսը, թեպետ դա էլ մի երևելի թիվ չէր, մեղմ ասած:

2020-ին գիտությանն ուղղվող ֆինանսավորումն ավելացել է… 0 տոկոսով: Այնինչ ներկայումս տարբեր երկրներ շահագրգռված են ամեն տարի գիտությանը տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելացնելու հարցում:

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անիմաստ գործուղումների և այլ գերշքեղ ծախսերի համար գումարի պակաս չկա, սակայն կարելի է լուծարել իրենից ազգային արժեք ներկայացնող Գիտությունների ազգային ակադեմիան:

Սրանից հետո արդեն հասկանալի է, թե որքան արժեք ունեն կառավարության անդամների այն հայտարարությունները, թե իրենք շահագրգռված են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու գործում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում