Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ Արսեն Թորոսյանը պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը

Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ Արսեն Թորոսյանը պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում: Նա ակտիվորեն պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ Դոն Պիպոյի քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է։ Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունը ընդունվեց որպես փաստ», – անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին ասաց Սանասարյանը։

Ըստ Սանասարյանի, իր դեմ հետապնդման որոշումը կայացվել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչը չի նշանակում հենց ֆեդերացիայի տարածքում։

«Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում։ Արսեն Թորոսյանը այլ մոտիվներ կարող էր նաև ունենալ, որովհետև ՊՎԾ-ն պլանավորել էր, և ես իրեն տեղեկացրել էի, որ մենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։ Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում