Կենտրոնական բանկն աշխատում է ՀԲ մասնագետների հետ՝ պարզելու Doing Business զեկույցի շուրջ տարընթերցումների աղբյուրը

Կենտրոնական բանկն աշխատում է ՀԲ մասնագետների հետ՝ պարզելու Doing Business զեկույցի շուրջ տարընթերցումների աղբյուրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը այսօր հայտարարել է, որ «Doing Business 2020» զեկույցը Հայաստանի մասով որեւէ անճշտություն չի պարունակում։ Սալթայնի խոսքով, փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն:

Այս պնդումը, սակայն, որոշ անճշտություններ է պարունակում։ Aysor.am-ի փոքր ուսումնասիրյթյունը ցույց է տալիս հակառակ պատկերը, մասնավորապես, Մալթայնի նշած ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող մասնավոր ընկերությունները ոչ թե 7-ն են, այլ 10-ը, ինչի մասին տեղեկանում ենք Հայաստանի Ֆոնդային բորսայի կայքից։

Մեկնաբանության համար Aysor.am-ը դիմեց Կենտրոնական բանկ։ Կառույցի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցուցակված ընկերությունների մասին տեղեկատվությունը հասանելի է բորսայի կայքում և դա ակնհայտ փաստ է։

«Հայաստանի Կենտրոնական բանկի մասնագետները կոմունիկացիայի մեջ են Համաշխարհային բանկի համապատասխան մասնագետների հետ, որպեսզի ավելի հստակեցվի, թե հաշվարկի մեթոդաբանության փոփոխությունը և որոշակի տվյալների հավաքագրումը ինչ ճանապարհով է կատարվել, որը և տարընթերցումների տեղիք է տալիս», – ընդգծեց Հարություն Բերբերյանը։

Նշենք, որ ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ զեկույցի վարկանիշային աղյուսակում որոշակի մեթոդաբանական սխալ է թույլ տրվել, որը շտկվելու դեպքում Հայաստանը վարկանիշային աղյուսակում կզբաղեցնի 37-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում