«Փաստ». Տնտեսական հեղափոխության պայմաններում հնարավոր չի լինում հասնել մի քանի տարի առաջվա ցուցանիշներին

«Փաստ». Տնտեսական հեղափոխության պայմաններում հնարավոր չի լինում հասնել մի քանի տարի առաջվա ցուցանիշներին

«Կառավարությունը փորձում է հանրությանը ներկայացնել, թե երկրում գործարար միջավայրի կտրուկ բարելավում է տեղի ունեցել, տնտեսության զարգացումը նոր թափ է ստացել, սակայն ռեալ իրավիճակն այլ բանի մասին է փաստում:

Եթե իրոք Հայաստանում բիզնես վարելու պայմանների բարելավում տեղի ունենար, ապա հնարավոր կլիներ արտերկրից ներդրումների հոսք ապահովել, իսկ խոստացված ներդրումներն այդպես էլ չկան:

Թերևս օտարերկրյա գործարարների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը պայմանավորված է նաև երկրում ստեղծված քաղաքական անկայունությամբ և տնտեսական ռիսկերով:

Ներկայիս կառավարությանն այդպես էլ չի հաջողվում այն աստիճանի բարելավել (կամ գոնե թեթև փորձեր անել այդ ուղղությամբ) Հայաստանի բիզնես միջավայրը, որով Փաշինյանի կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը իրական տեսք կստանար:

Այն, որ Հայաստանի բիզնես ոլորտում էական փոփոխություն չկա, փաստում են նաև Համաշխարհային բանկի կողմից հրապարակված՝ գործարարության Doing Business-ի ցուցանիշները: Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է: Հայաստանի գնահատականի վրա բացասաբար ազդած հիմնական ցուցիչը բորսայի կայացածության մակարդակն է։ Եվ ուշագրավ է, որ Հայաստանն արդեն 2-րդ տարին է` վարկանիշում զիջում է Ադրբեջանին, որը նախորդ տարվա 25-րդ հորիզոնականից հայտնվել է 34-րդում: Նշենք, որ «Doing Business 2020»-ը Համաշխարհային բանկի ամենամյա ուսումնասիրությունների շարքում 17-րդն է, որը չափում է այն կանոնակարգերը, որոնք խթանում և սահմանափակում են բիզնեսի գործունեությունը:

Զեկույցի հեղինակներն ուսումնասիրում են տվյալ երկրում բիզնես վարելու հնարավորությունը` սկսած կազմակերպության գրանցումից մինչև բիզնեսի հնարավոր դադար (սնանկացման վարույթ)։

«Doing Business»-ի ներկայացրած վարկանիշը հանդիսանում է երկրի գործարար միջավայրի բարելավման համար ընդունված բարեփոխումների օբյեկտիվ արտաքին գնահատական և կազմվում է՝ օգտագործելով 10 ցուցանիշները, մասնավորապես` «Ձեռնարկությունների գրանցում», «Շինարարության թույլտվություն», «Գույքի հաշվառում», «Վարկի ստացում», «Ներդրողների պաշտպանություն», «Հարկեր», «Միջազգային առևտուր», «Պայմանագրերի կատարում», «Ստանդարտացման որոշում» և «Էլեկտրահաղորդման համակարգին միացում»:

ՀԲ-ի կազմած այս զեկույցը մեծ կարևորություն ունի գործարարների ուշադրությունը գրավելու տեսանկյունից, և պատահական չէ, որ 190 երկրների ցուցակից բաղկացած վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի հետընթացը գրավել է նաև վարչապետի ուշադրությունը:

Վերջինս կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանը զիջել է դիրքերը:

Հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը փորձել է ցույց տալ, թե չնայած ընդհանուր հաշվարկով Հայաստանի դիրքը հետընթաց է ապրել, բայց առանձին մի շարք ցուցիչներով առաջընթաց է արձանագրվել։

Սրանով իսկ կառավարությունը փաստորեն չի ցանկանում ընդունել, որ առավել ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ընդհանուր վարկանիշային ցուցակում Հայաստանն իր դիրքերը զիջել է, քան այն, որ որոշակի ուղղություններով առաջընթաց է գրանցել:

Բնականաբար, մի շարք ցուցանիշներով Հայաստանն առաջընթաց ունենալու էր, թե չէ, մեր երկիրը վարկանիշային սանդղակում կարող էր ավելի հետ մղվել: Կառավարությունը այսպիսով փորձում է քողարկել որոշ ուղղություններով իր թերացումները:

Համեմատության համար նշենք, որ տարիներ առաջ՝ «Doing Business 2016»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է նույնիսկ 35-րդ հորիզոնականը՝ 189 երկրների շարքում, իսկ բիզնես սկսելու առումով Հայաստանը 5-րդ տեղն է գրավել:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխության պայմաններում հնարավոր չի լինում հասնել նույնիսկ մի քանի տարի առաջ գրանցված ցուցանիշներին:

Եթե Փաշինյանն իսկապես ցանկանում է Հայաստանի տնտեսությանը զարկ տալ և բարելավել գործարար միջավայրը, ապա պետք է կենտրոնանա կառավարության թերացումները շտկելու վրա, այլ ոչ թե ցանկացած ոչ այնքան կարևոր ցուցանիշ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելու միջոցով փորձի հասարակությանը հրամցնել, թե կառավարությունը լուրջ ձեռքբերումներ ունի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում