Ակցիա. Պահանջում են բացել կառավարական առանձնատների դարպասները

Ակցիա. Պահանջում են բացել կառավարական առանձնատների դարպասները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանն ու խմբի մի քանի անդամներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարական առանձնատների դիմաց։ Նրանց դժգոհության համար պատճառ է հանդիսացել այն փաստը, որ դրանց վերանորոգման համար պետական բվյուջեից հատկացվել են խոշոր գումարներ։

«387 միլիոն դրամ` երկու ընտանիքի բարեկեցության համար` 20 հեկտար հողատարածքում։ Ունենք 20 հա հողատարածք Երևանի սրտում, որտեղ ապրում է ընդամենը երկու ընտանիք։ Նիկոլի և Արարատի ընտանիքների բարեկեցության համար պետական բյուջեից հույժ գաղտնի, այսինքն՝ թաքուն, ծածուկ, ստորաբար հատկացրել են երկու մլն դոլար, որպեսզի վերանորոգվեն առանձնատները»,-ասաց Սոնա Աղեկյանը։

Նրանք պահանջում են քաղաքապետարանից անհապաղ միջոցներ ձեռնարկել, խնայելու առանց այն էլ սուղ հողատարածքները։ Աղեկյանն առաջարկեց պահպանել վարչապետի ու ԱԺ խոսնակի անվտանգությունը, բայց կառավարական առանձնատների դռները բացել, որպեսզի զբոսաշրջիկներն ու քաղաքացիներն այնտեղ մտնելու հնարավորություն ունենան։

«Այդ ամենը կլինի գումարի դիմաց, ինչը հնարավորություն կտա բյուջե գումարներ մտնեն, կարելի է նաև ինչ-որ պատմամշակութային նախագծեր իրականացնել»,-ասաց Աղեկյանն ու ընդգծեց, որ այս հարցում հետևողական են լինելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում