«Իրատես». Փաստորեն, ճիշտ էր Գալուստ Սահակյանը՝ թաքունը դեռ գաղտնին չէ

«Իրատես». Փաստորեն, ճիշտ էր Գալուստ Սահակյանը՝ թաքունը դեռ գաղտնին չէ

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի բացատրությունից ո՞վ հասկացավ, թե ի վերջո, ինչու է գաղտնի որոշմամբ կառավարության անդամների աշխատավարձը կրկնապատկվել։ Հիշեցինք անգամ հայտնի «դասականին»՝ «թաքունը դեռ գաղտնին չէ»։ Բայց հերթով անդրադառնանք Փաշինյանի պարզաբանումներին։

Չնայած հարցը բացառապես գաղտնիությանն էր առնչվում, բայց Փաշինյանը այն տեղափոխեց բոլորովին այլ հարթություն՝ չե՞ք ուզում, որ բարձր աշխատավարձ ստանան, ու թոշակառուների թոշակն էլ բարձրանա։

Նրա մատուցմամբ՝ «իներցիոն, ընթացակարգային կարգով է այդ որոշումը գաղտնի գրիֆով անցել»։ Ինչպե՞ս թե իներցիոն, նախկին իներցիայով տնտեսությունն առաջ տանելը, կառավարելը չէ՞ր փոխվել, թե՞ երբ պետք է, սկսում եք «ձեր կետից», երբ հերթը հասնում է սեփական գրպանի պարունակությանը՝ էլի օգնության է գալիս նախկին իներցիան։

«Պարզաբանման» շարունակությունը սյուրռեալիզմի ժանրից է։ Փաշինյանն ասում է՝ ինչպե՞ս կարող է գաղտնի պահվել նախարարի աշխատավարձը, երբ հայտարարագրում նրա եկամուտները ներկայացված են։ Ստացվում է՝ ՀՀ շարքային քաղաքացին կառավարության այսպիսի որոշումների մասին պետք է իմանա կառավարության անդամների հայտարարագրերը մեկիկ-մեկիկ ստուգելով ու հաշվարկներ անելով։ Մեկը չկա, որ մարդավարի ասի՝ երկրիդ կառավարության անդամի աշխատավարձը կրկնապատկվել է։ Գոնե խելքը գլխին մի բացատրություն գտնեին։

Փաշինյանը շարունակում է արդարանալ, թե լրագրողների հետ զրույցում, ինչպես նաև 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ հաճախ է նշել, որ պաշտոնյաների աշխատավարձերը համաչափ պիտի լինեն, որ աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում են պարգևատրումների ֆոնդ: Այսինքն, հայտարարություններն ու վերջնական որոշումները նույն հարթության մե՞ջ պիտի դնել։ Եթե այդ մասին հայտարարվել է, ուրեմն էլ կարիք չկա՞ ասելու, թե ինչ որոշումներ են ընդունվել։ Այդպես որ լինի, քանի՜-քանի ու ինչպիսի՜ հայտարարություններ է արել Փաշինյանը, հիմա դրա՞նք էլ պիտի համարենք վերջնական վճիռներ։

Եվ վերջում. պարզվում է` թվերի մասին մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը այլ պատկերացումներ ունեն։ Ընդդիմությունը պարգևատրումների ֆոնդի 30 տոկոսը հասկացել է աշխատավարձերի նույնքան բարձրացում, իսկ իշխանության համար 30 տոկոսը նշանակում է 100 տոկոս։ Ահա այսպիսի թվաբանություն։ Ինչպես ասում են՝ վերջը լավ լինի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում