Արսեն Բաբայանին կալանավորելու որոշման մեջ գործում է խմբային շահը. Լարիսա Ալավերդյան

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշման մեջ գործում է խմբային շահը. Լարիսա Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ Արսեն Բաբայանին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու որոշման մեջ գործում է խմբային շահը։

«Որևէ չափանիշի չի համապատասխանում Արսեն Բաբայանի անձը, որի համար պետք է մարդուն պարտադիր ազատազրկեն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ, քաղաքագետներ ասում են, որ Արսեն Բաբայանի գործը քաղաքական է։

«Ես պետք է հստակեցում մտցնեմ, դա քաղաքական չէ, դրանք խմբային շահերից բխող քայլեր են։ Կարելի է ասել նաև՝ կուսակցականացված: Ես ունեմ փորձ դեռ ՀՀՇ-ի ժամանակներից, երբ լուծումը տալիս էր ոչ թե կուսակցությունը, որ ասեին այս հարցը կուսակցականացված է, այլ զուտ որոշում կայացնող խումբը։ Տվյալ դեպքում մենք ունենք շատ նեղ խմբակային շահից բխող գործընթաց», – նշեց Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու՝ քննիչի որոշումը իրավաչափ չէ, Լարիսա Ալավերդյանն արձագանքեց.

«Շատ տխուր է, որ այդպիսի դրվագները հին իշխանությունների հետ կրկնվում են։ Հիշեցնեմ այսօր վիճահարույց մի անուն՝ Վահե Գրիգորյանին, ժամանակին ճիշտ այդպես հրավիրել ու ձերբակալել էին։ Հատուկ եմ այդ անունը որպես օրինակ բերում, որ հստակեցնեմ՝ թե կապ չունի, որ կողմից է և ով է։ Այդ ձևը դատապարտելի է»։

Լարիսա Ալավերդյանը վերջում ասաց, որ թեև կատակելու ժամանակ չէ, բայց բոլոր այն մարդկանց, ում անունը սկսում է «ար» վանկով, իսկ ազգանունը՝ «բաբ», հորդորեց զգուշանալ, քանի որ այլ տրամաբանություն՝ Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի դեմ գործողություններում, չի տեսնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում