«Փաստ». Սկզբում կալանավորում են, հետո սկսում հիմքեր ապահովել

«Փաստ». Սկզբում կալանավորում են, հետո սկսում հիմքեր ապահովել

«Արդեն այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները որևէ քաղաքական նպատակի համար որևէ իրավական քայլ են կատարում, հետո սկսում հիմքեր փնտրել կամ մոգոնել: Դե, դրա համար կա ՀՔԾ, իսկ ավելի ստույգ՝ այդ կառույցի ղեկավար: Արդյունքում պարբերաբար մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում, որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավվում տարբեր գործերում, հետո միայն իրավապահներն սկսում են այդ ամենի համար հիմքեր ապահովել:

Ժամանակին դրա մասին քանիցս խոսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, բազմաթիվ իրավաբաններ:

Հիմա նման վիճակ է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «գործի» շուրջ: Նպատակը հասկանալի է՝ ամեն գնով ձերբազատվել Հրայր Թովմասյանից և նրա փոխարեն ՍԴ նախագահ կարգել լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին, որը լուռ ու մունջ կկատարի իշխանությունների ցանկացածը:

Այսինքն՝ անկախ դատարան ունենալու փոխարեն, իշխանությունները ցանկանում են ունենալ կամակատար դատարան:

Ընդ որում, խոսքը միայն Բարձր դատարանի մասին չէ, քանի որ այս գործընթացով բոլոր դատարանների բոլոր դատավորներին հստակ հասկացնում են՝ ահա թե ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, ով կհամարձակվի ինքնուրույն որոշում կայացնել:

Վկան՝ նաև Ալեքսանդր Ազարյանն ու Դավիթ Գրիգորյանը:

Դե, ճնշել չհաջողվեց, խորհրդարանի հայտնի որոշումը չաշխատեց, «սանիկների» թեման արդյունք չտվեց, ի՞նչ է մնում անել:

Ճիշտ է՝ այնպիսի բան մտածել, որով կարելի է քրեական գործ հարուցել:

Եվ ինչ-որ մեկի գլխում հանկարծ ծագում է 300.1 հոդվածի գաղափարը:

Այլ հարց է, որ ինքնին այս գաղափարը, նաև պատգամավորի դիմումը պարզապես իրավական անգրագիտություն են, ինչի մասին խոսում են մասնագետները:

Սակայն ուշագրավ է ընթացքը, որի ժամանակ հերթով փուչիկներ են պայթում:

Հիշենք, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե «կարմիր գիծը անցնում էին այն ժամանակ, երբ ՍԴ նախկին նախագահին Սահմանադրության դրույթների ուժի մեջ մտնելուց առաջ ստիպում էին հրաժարական տալ, որ Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում»:

Դրանից ժամեր անց ձերբակալվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ իբր Գագիկ Հարությունյանի դիմումի ժամկետների հետ կապված օրինազանցության համար: Հետո որպես կասկածյալ ներգրավվում է ԱԺ նախկին նախագահ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, որը ներկայիս իշխանավորներից շատերի՝ ողջ կյանքում արտաբերած բառերի քանակից շատ գիտական աշխատություններ ունի:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, Բաբլոյանի խոսքերի համաձայն, իրեն վիրահատությունից հանել, տարել են հարցաքննության, ապա հետ է եկել ու շարունակել կիսատ թողած վիրահատությունը:

Սա բարոյական հարթության մեջ է, ինչի հետ կապված ներկա իշխանությունների մասին դատողություններ անելն ուղղակի անշնորհակալ գործ է:

Պարզվեց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես փափագում են մատուցել իշխանությունները:

Նախ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ պարզապես հեքիաթի ժանրից է այն, որ կարող են իրեն ստիպած լինել հրաժարական տալ:

«Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»,-ասաց Գագիկ Հարությունյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում