Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները

Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության և անդորրի վերադարձման ճանապարհին», – Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա:

Մուսավին ավելացրել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»:

«Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի և Սիրիայի միջև խնդրի լուծման համար, և այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելու համար», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում