Դատարանի դիմաց են հավաքվել Բաբայանի աջակիցները. ուղիղ

Դատարանի դիմաց են հավաքվել Բաբայանի աջակիցները. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում են Բաբայանին կալանավորելու վերաբերյալ որոշումը:

Դատարանի դիմաց հավաքվել են «Ադեկվադ» կուսակցության, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները, ինչպես նաև Բաբայանի ընկերներն ու այլ մարդիկ՝ ի աջակցություն Արսեն Բաբայանի:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ Արսեն Բաբայանը չբերվեց դատարան:

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով կալանավորվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում