Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան

Ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: «Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- 168.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ մեր խնդրանքով անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվելու մասին տեղեկությանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նկատելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որևիցե բանից խոսել»:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում