Իրավապահ մարմիններն այլևս տոտալ անպատասխանատվության և կամայականության ռեժիմում են գործում

Իրավապահ մարմիններն այլևս տոտալ անպատասխանատվության և կամայականության ռեժիմում են գործում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Արսեն Բաբայանի «գործի» հետ կապված ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանի հարցազրույցն եմ կարդում, փաստաբանների ու իրավաբանների գնահատականներին ծանոթանում և կրկին համոզվում, որ իրավապահ մարմիններն այլևս տոտալ անպատասխանատվության և կամայականության ռեժիմում են գործում։ Ի՞նչ է տեղի ունենում փաստացի։ Մարդուն կանչում են հարցաքննության, երևի հույս ունենալով, որ կարող են իրենց համար ցանկալի մի բան կորզել ու, տեսնելով, որ ոչինչ չեն ստանում, միանգամից ձերբակալում։ Ընդ որում, ձերբակալելիս էլ երկար չեն մտածում, թե ինչ հոդված կիրառեն։ Ամեն ինչ հետոյին է թողնվում՝ «հիմա բռնենք, հետո մի բան կմտածենք» տրամաբանությամբ։

Ո՞վ է ստիպում քննիչներին այսպես գործել։ Չէ, կնեերեք, սխալ հարց էր։ Ինչու՞ է Փաշինյանը ոչնչացնում Հայաստանի իրավապահ համակարգը։ Սա է ճիշտ հարցը։ Այն էլ այնքան կոպիտ մեթոդներով, որ այդ փաստը որևէ կերպ քողարկելու շանս չի մնում քննիչներին ու մնացած բոլոր իրավապահներին։ Ի՞նչ է ստեղծվելու դրա փոխարեն։ Սոս Սարգսյանը լավ հարց էր տվել մի առիթով՝ ինձ քոքահան եք անում, տեղն ի՞նչ եք տնկում։

Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ Արսեն Բաբայանը ապօրինի բանտարկված է։ Երեկ այդ «գործով» դատական նիստը չկայացավ։ Երևում է՝ քննիչները չեն հասցրել այլ՝ կալանավորումը «հիմնավորող» ուրիշ հոդված գտնել Բաբայանի համար։ Կարծում եմ՝ անքուն գիշեր են անցկացրել։ Բայց դա ոչինչ է՝ համեմատած այն անքուն գիշերների հետ, որոնք սպասում են նրանց ապագայում։ Որովհետև… որովհետև ոչ ոք թող հույս չունենա, թե անպատիժ է մնալու։ Ընդ որում՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն Փաշինյանի կամակատարը լինելու, մարդկանց հետապնդելու, ապօրինի բանտարկելու և նման այլ ստոր արարքների, այլև երկիրը զավթելու, պետական համակարգը քանդելու ու ամեն ինչ ոչնչացնելու համար։ Եվ այդ դատավճիռն անողոք է լինելու։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում