«Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում փաստացի դադարեցված է». Թուրքիայի ՊՆ

«Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում փաստացի դադարեցված է». Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն իրենց տեղյակ է պահել Սիրիայի հյուսիսում սահմանված 120-ժամյա հրադադարի ընթացքում քրդական ուժերի՝ «անվտանգության գոտուց» բարեհաջող դուրսբերման մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունը փաստացի դադարեցված է, և ներկայում կարիք չկա «անվտանգության գոտուց» դուրս նոր գործողություն սկսելու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն» է եղել, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում