Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը

Արսեն Բաբայանի «գործով» հարցաքննվել է նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, հարցաքննվել է նաև ՍԴ աշխաակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը։ Հենց նա է Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին գրությունն ուղարկել Ազգային ժողով 2018 թ, մարտի 2-ին։ Այս ամենը ի պաշտոնե անցել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձեռքի տակով, և ՀՔԾ-ն եռօրյա ժամկետի խախտումը գնահատել է քրեական հետապնդման ենթակա արարք՝ համարելով, որ «խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով» Արսեն Բաբայանը կատարել է պաշտոնեական կեղծիքներ։ Հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Մենք գրել էինք, որ գործով հարցաքննվել է նաև ԱԺ ընդհանուր բաժնի պետ Ռուզաննա Արզումանյանը, որը մարտի 2-ին ՍԴ-ից ստացել է փաստաթուղթը եւ անմիջապես չի գրանցել համակարգում, քանի որ փաստաթուղթն իրեն փոխանցվել է աշխատանքային օրվա վերջում, դրա համար թողել է, որ երկուշաբթի օրը մուտք արվի համակարգ, քանզի օրը ուրբաթ է եղել։ Արդյունքում՝ երեք օր ուշ է մուտք արվել գրությունը։ Մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ամսի 2-ին արդեն հայտարարած է եղել Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին։

Hraparak.am-ի հետ զրույցում Առուշան Հակոբյանն ասաց, որ իրեն շաբաթ օրն են կանչել ՀՔԾ հարցաքննության, բայց հստակ չեն ասել՝ ինչի համար են հրավիրում, ինչ գործի շրջանակներում։

«Հրավերի հետ կապված ոչ մի բան չեն ասել, ես հարցրի՝ ի՞նչ հարցով է, որպեսզի ես նախապես իմանամ, ասացին՝ Սահմանադրական դատարանի մեկ փաստաթղթի հետ կապված։ Ասացի՝ ես որևէ բան ունե՞մ բերելու, ասացին՝ ոչ այստեղ է փաստաթուղթը, եկեք նայենք»,-ասաց պարոն Հակոբյանը։

-ՀՔԾ-ում ի՞նչ են ասել, ցուցմո՞ւնք եք տվել։

-Իրենք հարցերը տվել են, ես պատասխանել եմ ցուցմունքի ձևով։

-Իսկ այդ գրության մասով կոնկրետ ի՞նչ եք ասել, Դո՞ւք եք ուղարկել այն ԱԺ և ե՞րբ եք ուղարկել։

-Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով։

-Այդ դեպքում ինչպե՞ս է գրությունը ԱԺ մուտք արվել ամսի 5-ի ամսաթվով, քանզի Արսեն Բաբայանին մեղադրում են, որ ամսաթիվ է փոխել կամ կեղծել։

-Ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ, այդպես էլ ցուցմունքում գրել եմ, որովհետև ես առձեռն ուղարկել եմ, նույնիսկ դրանից հետո չգիտեմ՝ ինչ հայտարարություն է եղել, ինչ են արել․․․ ես նույնիսկ մոռացել էի, չէի էլ հիշում՝ երբ ինչ է եղել իրենց հետ կապված, ես ուղարկել ու վերջացրել եմ իմ պարտականությունը այդ մասով։

-Հիմա Ձեր կարծիքով՝ այստեղ որևէ խախտում կամ կեղծիք թույլ տրվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ պատճառով պետք է նման խախտում թույլ տային, ի՞նչը կարող էր առիթ հանդիսանալ, որ ամսի 5-ով ձևակերպեին։

-Ես որևէ պատճառի, առիթի կամ պարտադրանքի մասին ոչինչ չեմ կարող ասել, ես միայն ուղարկել եմ գրությունը և վերջ։ Եվ ես ՀՔԾ գնացել եմ՝ տեղեկություն չունենալով անգամ, թե ինչի մասին է խոսքը։

-Այսինքն՝ Ձեզ չե՞ն տեղեկացրել, որ քրեական գործ կա հարուցված։

-Ինձ ասել են՝ Դուք, որպես վկա, հրավիրվում եք վաղը ՀՔԾ, ասացի՝ ինչի՞ համար, ասացին՝ Սահմանադրական դատարանի մի փաստաթղթի մասով, ասացի՝ կարիք կա՞, որ ես ինչ-որ բան նայեմ, բերեմ, ասացին՝ թուղթը մեզ մոտ է, եկեք։ Ասացի՝ եղավ, և ուղիղ ժամը 11-ին ես ներկայացա։

-Դրանից հետո Ձեզ էլի հրավիրե՞լ են հարցաքննության։

-Չէ, միայն այդ օրն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում