Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ

Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արսեն Բաբայանի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև աբսուրդ է: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ զգացվում է՝ իշխանությունն ինչ-որ ցուցադրական քայլ է անում, որովհետև ձերբակալելու հիմքերը ընդհանրապես զրոյական են:

«Չգիտեմ` Արսեն Բաբայանին ձեերբակալելը հերթական անգամ Հրայր Թովմասյանի վրա ճնշում գործադրելու փո՞րձ էր, միգուցե ինչ-որ այլ մարդկանց են ուզում Արսեն Բաբայանին ձերբակալելով ինչ-որ մեսիջներ ուղարկել, դա հետագայում կերևա, բայց մառազմի ենք հասել, որ Արսեն Բաբայանի նման մարդկանց են արդեն բռնում, և սա նշանակում է, որ պետության ամենագլխավոր և ամենավտանգավոր մարդկանցից մեկը Արսեն Բաբայանն է, որն իր կյանքում եղել է շատ հանգիստ մարդ»,-ասաց Քոչարյանը:

Վերջինիս խոսքով` մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով: «Մեկին բանտարկեցին, Հրայրին էլ մեծ հաճույքով կբանտարկեին, եթե այսպիսի կարգավիճակ չունենար: Ստացվում է` ամբողջ ուժային համակարգը օր ու գիշեր նստած մտածում է`ինչ կարելի է անել Հրայր Թովմասյանին նեղելու, հրաժարականը ստանալու և իրենց սեփական անձին, իրենց սեփական թեկնածուին Սահմանադրական դատարանի նախագահ կարգելու համար: Նաև` տեղյակ են, որ Արսեն Բաբայանը Հրայր Թովմասյանի ընկերն է, երևի թե, մտածել են`մի հատ էլ այսպես «նեղեն»»,-ասաց մեդիափորձագետը:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը: Արսեն Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել դատարանի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում