Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան

Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկում են նրա ձերբակալման որոշումը: Զուգահեռ դատարանի դիմաց ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Բաբայանի:

«Ադեկվատ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր Նակալյանն անհիմն է որակում Բաբայանի ձերբակալության որոշումը. «Կրկեսը, որ մեկնարկել էր 2018-ի ապրիլին, իր տրամաբանական շարունակությունն է ունենում: Չեմ կարծում, որ սա պայմանավորված է հանրության մեջ էյֆորիա առաջացնելով, քանի որ Բաբայանը հանրային ընկալմամբ չարագործ չէր: Այստեղ ավելի շատ գործ ունենք Թովմասյանի ամբողջ շրջապատի վրա հնարավոր ու անհնարին միջոցներով ռեպրեսիաներ կիրառելու մեջ: Չեմ զարմանա, որ Թովմասյանի կրիայի դեմ հանցակազմ բացահայտեն»:

Նշենք, որ դատական նիստը տեղի է ունենում դռնփակ:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով ևս բողոքի մասնակիցներից է, հայտնեց, որ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. «Կարծում եմ նպատակն այն է, որ քննչական մարմինները հասցնեն կալանքի վերաբերյալ նյութեր նախապատրաստել: Այս պահին Արսեն Բաբայանին առաջադրվում է այլ մեղադրանք, կարծեք թե փոխվել է մեղադրանքը և առաջադրվել է իշխանությունը յուրացնելու մասով: Ես ուղղակի չեմ հասկանում, ինչո՞ւ են նրան ձերբակալել և ինչո՞ւ են նրան զրկում ընտանիքից, հիմա էլ փոխում են մեղադրանքը»:

Մելիքյանը շարունակելով խոսքը՝ շեշտեց, որ համաներման ենթակա անձը ազատազրկվում է. «Էտ ինչքա՞ն դեպք է եղել մեր երկրում, որ ազատազրկում չնախատեսող հոդվածներով անձը ազատազրկվի: Մեր երկրում չի եղել նման պրակտիկա, որ համաներման ենթակա անձը ազատությունից զրկվի: Սա մեր երկրի պրակտիկային հակասող երևույթ է: Քրեական դատավարության ոլորտում հետընթաց է: Ակնկալում ենք իրավաչափ մոտեցում, ակնկալում եմ, որ Բաբայանն այս գիշեր իր ընտանիքի հետ է անցկացնելու»,- ասաց Մելիքյանը:

Դռնփակ նիստն այս պահին դեռ շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում