Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է

Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել են նեղ շրջանակով բանակցությունները Սոչիում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ նախագահների խոսակցությունը կլինի «բովանդակալից, բարդ և ոչ արագ», որովհետև նրանք շատ հարցեր ունեն քննարկելու:

Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայում տիրող իրավիճակը՝ ելնելով Թուրքիայի ռազմական գործողությունից և 120 ժամով գործողությունը դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունից:

Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Սիրիայի հետ կապված քայլեր կձեռնարկի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այսօր՝ երեքշաբթի երեկոյան լրանում է պայմանավորվածության 120 ժամը:

Էրդողանը հայտարարել է նաև, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու հաջորդ փուլը:

Բանակցությունների սկսվելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակը բնութագրել է «սուր», իսկ երկխոսությունը՝ «պահանջված»:

«Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որին կարողացել ենք հասնել վերջին շրջանում, իր դերը կխաղա բոլոր հարցերի լուծման գործում, ինչպես նաև կօգնի գտնել նույնիսկ ամենադժվարին հարցերի պատասխանները հօգուտ Թուրքիայի, Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների»,– ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում